Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն ատեն աղջիկը մոտեցավ ինծի ամչնալով, տրտմության քողով մը դեմքը վարագուրված, ու անուշ ձայնով մը՝

— Նրեցե՛ք, ըսավ ինձի, այսպես է ահա խեղճ մայրիկս իր վերջին հիվանդութենեն ի վեր. ոչինչ պատճառով մը կը սկսի խնդալ ժամերով, կ՚երևա որ ջղային բան մըն է:

Եվ իրոք, քահքահը՝ զվարթ, պոռչտող քահքահ մը՝ գրեթե տգեղցնելով իր սիրուն դեմքը, անսովոր ու դառն ուրախությամբ մը կը լեցներ սենյակը, մինչդեռ մորը քով ծունկ չոքած՝ անոր ձեռքերը կը սեղմեր:

Խորհեցա որ տասը տարի առաջ իմ փնտրածս այս աղվոր երեսին վրա՝ սա պոռացող, անգիտակիդ ու անիմաստ խնդուքը չէր, այլ այն պզտիկ, գրեթե աննշմարելի ժպիտը, այն խորհրդավոր ու չնչին բանը, որ ամեն խոստումները ու ամեն վերապահումները, ամեն մերժումները ու ամեն անձնատվությունները, ամեն տարակույսները ու ամեն հայտնությունները իր մեջը կը պահե:

Խորհեցա մանավանդ տարօրինակ ճակատագրին այս կնկանը որ իր մեկ ժպիտը այնքա՜ն ժլատ, ագահ համառությամբ ամենուն գլանալե ետքը, ահա զուր ու փուճ տեղը իր անսպառ խնդուքը կը թափեր իր շուրջը, առանց որ մեկը գտնվեր ու ծռեր զանոնք գետնեն ժողվելու համար:

<1898>