Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բժշկական դասուն մեջ առաջնակարգ դիրք մը պիտի գրավեր, ինքն իրեն կը հաշվեր թե օրական առնվազն 6 ոսկի շահելով երկու տարվան մեջ իր ծախսած բոլոր գումարը «էվել էվելոք» պիտի ձեռք բերվեր, ու այս խոլական հաշիվը կը դարմաներ կը մեղմեր իր կորուսյալ ոսկիներուն ցավն ու կը գգվեր իր շահամոլ մարդու անձնասիրությունը։ Զավակը բժիշկ ընելու գաղափարը, սարաֆության միջոցին կատարած առևտրոք ամենեն շահավորը լինել կը խոստանար։

Անդին երիտասարդը կՙզբոսնուր իր մարմնույն ու հայրենի քսակին բոլոր տոկունությամբը, իր զգայարանաց բոլոր ապականությամբը։ Ո՞վ պիտի ճանչնար Սողոմոն աղային աղային այդ փարիզցի անառակի հագուստներուն ու ձևերուն տակ։

Գունագեղ, բարեկազմ և առույգ պատանի մ՚էր երբոր ոտք կոխեց առաջին անգամ Փարիզի կիզիչ քարահատակին վրա. հիմա նիհար ու բարակ մարդ մ՚էր որուն դժգույն ու դալուկ դեմքը սրածայր մորուքով մը կ՚ամփոփվեր, վերջին նորաձևության համեմատ։ Աչքին կոպերը կտրած քնատութենե, նայվածքը տարտամ ու անտարբեր, հեգնող բայց ողորմելի պատկեր մը, այս մնացած էր ահա առջի զվարթ պատանիեն: Այն առաջի օրեն ի վեր հորում հաջողած էր քննություն մը, միակ քննություն մը անցունել Բժշկական Համալսարանին մեջ, միտքն ինկած ատեն կամ լավագույն զբոսանք մը չէ գտած ժամանակ միայն կ՚երթար երբեմն ունկնդրել դասախոսությանց: Քանիցս քննություններն մերժվելե հետո ա՛լ քննության մտնելն ալ ետ կեցեր էր. կը խորհեր, որ ատեն շատ աներ իր առջևը, երիտասարդ բժիշկները վստահության արժանի չէին, տարիքնին առածները միայն հաջողության կոչված են, և այս խարխուլ փաստն իր ծույլ ու մեղկ ընթացքն իբրև թե կ՚արդարացներ:

Այսպիոով, Փարիզ եկող հայ ուսանողներուն երեցն ու մեկ քանիներուն առաջնորդը դարձեր էր:

Ամենքը կը ճանչեին զինքը. կերուխումի լավագույն ընկերն էր. նորեկներն անոր հանձնարարությամբ կը վարձեին իրենց սենյակը կամ ճաշարանը կ՚որոշեին: Ինքը փարիզցի