Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը զգար կուրծքեն և զարմանալի հոգնություն մը բոլոր մարմնույն մեջ. բանի տեղ չէր դրեր այս չնչին անհանգստությունն, որուն վրա հիմակ ավելցած էր չոր ու ընդհատյալ հազ մը ու իրիկվան դեմ թեթև տենդ մը։

Երկուշաբթի օր մը չկրցավ անկողնեն ելլել. հայրն, ահաբեկ այս անծանոթ ցավեն, գործի չիջավ ու հիվանդին անկողնույն քով հսկեց։

Տոքթորն եկավ ու երկարորեն զննեց ու մտիկ ըրավ իրեն համար միայն բաբախող այս թշվառ սիրտն. ի՞նչ գտավ հոն արդյոք, հորը բան մը չըսավ, բայց դուրս ելած ատեն երկարորեն տեսակցեցավ Սոֆիկ հանըմին հետ. բժիշկը չէր կարող դեռ վերջնական բան մը հայտնել, տեսնե՜նք, կ՚ըսեր գլուխն օրորելով, օրիորդ Երանիկին կազմն ու կուրծքը խիստ առողջ էր և ամառվան վրա գալովն հիվանդության պիտի դիմադրեր: Այս էր տոքթորին կարծիքը, զոր, իր պաշտոնական ձևերը ձեռք առնելով, կը բացատրեր, մինչդեռ մայրն ավելի այս քաղցրալուր ձայնին կ՚ունկնդրեր քան թե իր զավկին կենաց համար զուրցված այս չարագուշակ խոսքերուն։

Տակավ առ տակավ հիվանդությունն աղետալի կերպով ծանրացավ և Երանիկի երջանկությունը կարծես թե կատարյալ դարձուց։

Երիտասարդ աղջիկն իր հիվանդության շուտով անցնելեն ի զատ վախ չուներ. իր հոգվույն մանկական անմեղությամբն, հիվանդություն մը, ծանր ու երկարատև հիվանդություն մը միայն երազեր էր իբրև միակ միջոց տոքթորին խնամքը, խոսքն ու տեսությունը վայելելու համար։ Ի՜նչ փույթ եթե մինչև մահվան առաջնորդեր այդ երանավետ ցավը:

Եվ բժիշկն անփույթ ու անտարբեր կը շարունակեր իր այցելությունները ժամացույցի մը ճշտությամբ, ցորչափ իր այցեգիները կը վճարվեին։

Իր հինավուրց անառակի անցյալովը շատ ու շատ տեսած էր կանացի ամեն պչրանքները, բայց այս մանկամարդ աղջիկն՝ իր բոլոր ամոթխած ու անփորձ համակրության մեջ, անծանոթ հրապույր մը ուներ կարծես։

Անդին հիվանդությունը կը հառաջանար հաստատ ու