Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ալ մթագներ, և տրտում, շփոթած ու մելամաղձոտ մարդ մը ըրեր էր զնա:

Նավավարը չորս տարի միայն ապրեր էր անոր վրա, և իր կինը ծառայությամբ աշխատելով կը մեծցներ Ներսեսը, իր որբ զավակը։

Աշխարհիս վրա մանկությունը թշվառությունը կը հեգնե. շատ օր ուտելու հացի կարոտ, շատ հեղ ցուրտ քամիին դեմ անպատսպար մնացեր էր Ներսես խնդալե մարելով իր անոթության կամ իր ցնցոտի ու պատառուն հագուստներուն վրա:

Ապաքեն իր հասակին հարմար զգեստ մը ունեցած չէր երբեք, բարեսիրտ թուրքի մը գթությանը կը պարտեր իր փալթոն, որուն մեջ կաներևութանար և հույն տիկին մը իր ամուսնույն անգործածելի ու ահագին կոշիկները տված էր իրեն, որուն միույն մեջ Ներսեսին երկու ոտքը դյուրությամբ կը պարտկվեին։

Բնավ նախանձ կամ ատելություն ունեցած չէր՝ տեսնելով հարուստ մարդոց զավակները, երբ հագված սքված կ՚անցնեին իր քովեն։

Հայրը ծովու մարդ, ինք ծովու մոտ ծնած, այն անփույթ ոտահակներեն էր, որոնց համար ծովեզերքը բոլոր տիեզերքը կը կազմե, իբրև տեսակ մը մարդկային խեցի, որուն ծովուն աղի ջուրը միայն կյանք կուտա։

Յոթը տարուեն քաջավարժ ու անվախ լուղորդ էր և մայրը՝ դողդոջուն սրտիվ ի զուր պատուհանեն կը պոռար ու իր անզուսպ որդվույն վտանգավոր խազերն արգիլել կ՚ուզեր։

Տարի մը վերջը Ներսես ձեռք անցուցած էր հին, փտած ու խոշոր նավակ մը, որուն թիակներն հազիվ շարժելու կարող էր և որուն վրա թիավարելե ետ չէր կենար։

Օրն ի բուն այդ հնօրյա նավակին մեջ քրտնաթոր կ՚երգեր, կը խաղար, ձուկ կ՚որսար։ Այդ նավակն իր տունը, իր բնակությունն էր, և անոր կուպրով ծեփված կարծր տախտակամածն իր աղքատիկ անկողինեն շատ ավելի սիրելի էր իրեն:

Մայրը՝ զուր տեղը սիրտ հատցնելե հուսահատ, ալ բան չէր ըսեր ու թող կուտար որ ուզածն ընե։ Որքա՜ն տարբեր էր այս տղան ուրիշ տղաքներե. մինչդեռ ոմանք պեպեքի հետամուտ՝