Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չեմ գիտեր, մրմնջեց մյուսը։

Վար իջավ հանըմին քով, բայց անիկա նորեն սկսեր էր ձայնը բարձրացնել ու ջանքեր կ՚ըներ իր զայրույթը ավելցնելու համար, շարունակ կը հիշեր ասանկ աղքատ կին մը իբր սպասուհի իր տունը ընդունելով գործած բարիքը և ասոր փոխարեն, գտած ապերախտությունը, աս ազգը ասանկ էր միշտ, աղքատները ասանկ խայտառակ արարածներ էին բոլորն ալ. ու նստած տեղեն փեշը վեր կը քաշեր իբրև թե այս տիղմին չքսվելու համար։ Եվ հանկերգի մը նման, միևնույն նախատական բառը կուգար շուրթերուն վրա, թուքի մը պես.

Փոստա՜՜լը, փոստա՜՜լը, ով գիտե ո՛ր ծառաս գլխե հաներ է:

Այն ատեն Հաճին նեղացավ ա՛լ. ձեռքերը մեջքին դրավ ամբարտավան ձևով մը.

— Ինծի նայե՛, հանըմ, շտտակն ըսե՞մ, անիկա խեղճ կնիկ ծառա մըն է, դուն քու տղուդ խոսք հասկցնելու էիր. հիմա ալ ելե՛ր ծառայի հետ տեսնվեր է կ՚ըսես, ասիկա մեղք է։

— Ի ՜նչ, հիմա ալ տղո՞ւս վրա մուր պիտի քսեք. իմ տղաս ծառայի վրա չի թուքներ. բոլոր գեղին աղջիկները, կնիկները իրն են։

— Քու բոլոր գեղիդ մեջ ալ Տիգրանուհիին պես աղվոր մը չկա, հանըմ. դուն եկո՛ւր իմ խոսքս մտիկ ըրե, իմ գլխես շատ տաք ու պաղ անցած բան մըն է որ եղեր է. ասիկա առնել անցնելու չէ։

Բայց մյուսը կը համառեր, չէր ընդուներ որ իր զավակը տեսնված ըլլա Տիգրանուհիին հետ։

Ու վեճը երկարեցավ, երկուստեք բիրտ բառերով նախատինքներով լեցված վեճ, որուն մեջ ստորին ու աղտոտ դերը՝ թելլալ կնկանը դերը չէր:

Սուրբիկ հանըմ ուրիշ բանի չէր բաղձար, բայց միայն գայթակղությունը ավելի չտարածված մեյ մը դուրս նետել Տիգրանուհին։

Հաճին խորամանկ էր, զգաց ասիկա և ջանաց օգուտ քաղել անկե, սպասուհիին համար քանի մը ղրուշ ձեռք ձգելով.