Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վերջը, վերջը, ըսավ նորեն Սառա ու ճամփու դրավ զիս։

Միշտ այսպես կ'ըսեր ինծի ու այս անդուլ հետաձգումը՝ մերժումի քաղաքավար ձև մը միայն նկատած էի։
Ամբողջ ամառը անցավ ասանկ ու ես ալ չէի հիշեցներ իրեն խոստումը․ բայց ան չէր մոռնար ու ամեն առթիվ միևնույն բառը կուգար իր շրթունքին վրա։
— Վերջը։
Ե՞րբ արդյոք։
                                          Ե.
Վերջին վայրկյանները հիվանդին անուշ մրափի մը նմանեցան։ Մահը մեղմիվ եկավ, պայծառություն մը բերավ կարծես թե այս տժգույն դեմքին։ Գլուխը բարձին դրած, աչքերը կիսափակ՝ ճիշտ միևնույն մարդն էր որուն չորս ամիս առաջ շոգենավին մեջ հանդիպած էի։ Իր ոսկիի կարմրությամբ ցոլացող մազն ու մորուքր պատուհանեն եկող առտվան ճառագայթներուն տակ կը խայտան կարծես ու անգո կյանքի մը պատրանքը դեռ կու տան երեսին։ Մեռավ․ և ես գլխիկոր ու ապշած՝ առջի հեղ կը տեսնեմ մահը հոս աչքիս առջև, հանդարտ, շքեղ, գրեթե հրապուրիչ։ Սավանի պես պարզվող ծովի երեսն է ան, մաքուր ու միօրինակ հանդարտությամբ մը ծածկելով պարապությունը։
Սարսափը չի բռներ զիս. արհավիրք չեմ զգար այս հրեա երիտասարդին տեսքին քով, այլ զարմանքով կը լեցվիմ. ի՞նչ է այս պառկող մարդը։ Հարցո՞ւմ մըն է թե Պատասխան մը։ Հետո, անզգալաբար աչքերս կը լեցվին. Սառա քովս է բայց չի լար. կը կարծեմ որ իր վիշտին մեծությունը կ՚արգիլե զինքը արտասվելե, այն շատ լեցված ամաններուն պես, որոնք շրջելով չեն թափիր։
Սևեր հագած է որոնք իր մեղրամոմի դեմքին անփայլ ճերմկությունր կը ցոլացնեն․ քովս կու գա ու իր բուրումնավետ թաշկինակովը աչքերս կը սրբե։
Այս վայրկյանիս, այս մահվան սենյակին մեջ բոլորովին։