Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1908 Vol. 1 Nr. 2.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանից


Նամակ քույր Բոդիլ Բյորնից

Մուշ, 22—10—07

(Վերջաբան)

Երկինքն ամպամած էր․ կարծես անձրև էր գալու։ Ստիպված էի Աստծուն խնդրել, որ ամպերը կրկին ցրի, քանի որ ռևմատիզմիս պատճառով շատ վնասակար է անձրևոտ եղանակին ճանապարհ գնալը։ Աստիճանաբար երկինքը պարզվեց, և արևը դուրս եկավ ամպերի հետևից․ օ՜, ի՜նչ շնորհակալ էի ես։ Այդ օրը երկար ճանապարհ ունեինք գնալու․ ժամը 6-ին չարաբանով տեղ հասանք։ Ճանապարհին մի քանի մեծ գնչուական հրոսակախմբերի հանդիպեցինք․ ահասարսուռ տեսք ունեին։ Պետք է որ ահավոր կյանք լինի միշտ այսպես թափառելը․ շատ եմ ցավում բոլոր խեղճ երեխաների համար։ Մի միտք ծագեց․ Հիսուսը նրանց նույնպես սիրում է։ Նա էլ է մահացել հանուն այդ խեղճ կորուսյալ մարդկանց։ Այնտեղ, որտեղ նրա սերը մեծ է, մեր սրտերը նույնպես պետք է լցված լինեն սիրով, որպեսզի մենք սովորենք նրա նման սիրել։ Շատ ուրախացա, երբ այդ գիշեր հայերի հետ գիշերելու տեղ գտանք։ Այնքան եմ հոգնել միշտ թուրքերեն կամ քրդերեն լսելուց։ Այնքան լավ է, որ քեզ հասկանում են։ Միայն թե տեսնեիր մեր կացարանը։ Ի դեպ, վատ տեղ չէր, բայց կարծես ժամանակի մեջ հետ էինք գնացել 1000 տարի․ այո՛, շատ սովորույթներ այստեղ նույնն էին մնացել, ինչ Հիսուսի ժամանակ։ Աստվածաշունչն այնքան կենդանի է դառնում քեզ համար։ Լույս տալու համար փոքր յուղի լապտեր ունեինք, որը բռնել էին «իմաստուն կույսերը»․ վատ չէր լույս տալիս, բայց որոշ ժամանակ անց սովորում էիր մթությանը։ Հայերը շատ լավ էին վերաբերվում մեզ։ Երիտասարդ կանանցից մեկն այնքան շատ օգնեց մեզ, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքրասեր էր․ հսկում էր մեր ամեն մի քայլը, քիթը խոթում մեր գործերի մեջ, որ հետո դուրս գա և ամեն ինչ պատմի դրսի հավաքվածներին։ Մեր կողքի սենյակը գոմի էր նման․ ձիեր, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, գոմեշներ և հավեր կային․ բոլորն էլ համերաշխ էին իրար հետ։ Գնացի այնտեղ ու մի բաժակ համեղ թարմ կաթ խմեցի։

Հաջորդ օրը կեսօրին հասանք այն տեղը, որտեղից պետք է անցնեինք Եփրատը։ Բավականին խորը և շատ լայն տեղ էր։ Ուղեկցողին խնդրեցի ավելի շատ իրեր վերցնի և տանի․ այնուհետև նա տեղափոխեց իմ գրապահարանը, դեղատուփը և ծածկոցաշալը, բայց չցանկացավ վերցնել ձեռքիս ճամպրուկը՝ թեթևացնելու համար բեռներով բարձված կենդանիներից մեկին։ Սաբթին չէր օգնում, դրա համար էլ ամեն ինչ թարս գնաց։ Մի տղամարդ տանում էր իմ ձին, բայց երբ բեռնված կենդանիներից մեկն ընկավ ուժեղ հոսանքի ժամանակ և քիչ էր մնում, որ ջրի տակն անցնի իմ ամբողջ սպիտակեղենի հետ, ստիպված էր ձիս թողնել և օգնության հասնել։ Սկսեցի մենակ ձիավարել․ գեղեցիկ և ուժեղ կենդանի է իմ ձին, ես էլ գլխապտույտ չունեի, այնպես որ ամեն ինչ կարգին էր․ բայց այնքան շփոթեցնող զգացում էր գետի հոսանքով այդքան երկար ձիավարելը։ Պարոն Շչիպկեի կենդանիները հաջողությամբ անցան գետը։ Թեև շատ թրջվեցի և մի քանի իրեր էլ փչացան, պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծուն մեզ այդքան գթասրտաբար ուղեկցելու համար։ Իրերը