անձնագրովս պետք է գնայի գերմանական, ավստրիական ու բուլղարական հյուպատոսարաններ, մի օրվա ընթացքում ավարտեցի գործերս, հետո գնացի ոստիկանություն և Թուրքիայի արդարադատության շենք, քանի որ ասացին՝ պակասող փաստաթուղթ ունեմ, որի համար որպես տույժ պահանջեցին 20 մարկ, ինչը տվեցի շատ դժկամորեն, քանի որ այլ ճանապարհ չտեսա անձնագրիս հետ կապված հարցերը կարգավորելու համար։ Հաջորդ օրն ու մի քանի անգամներ ևս գնացի գլխավոր ոստիկանություն, հետո բարձրաստիճան պաշտոնյաների և թուրք սպաների մոտ, որպեսզի բալկանյան գնացք նստելու թույլտվություն ստանամ, ինչը շատ բարդ էր քաղաքացիների և հատկապես չեզոքների համար։ Նորվեգիայի գլխավոր հյուպատոսի աշխատակիցներն ինձ հետ մի տեղից մյուսն էին գնում․ Կոստանդնուպոլսում երկար ժամանակ է պահանջվում մի տեղից մյուսը գնալու համար և հաճախ առավոտյան ժամը 9-ից մինչև կեսօրվա ժամը 16։30 դրսում էի։ Շատ հոգնեցուցիչ էր անարդյունք այդքան վազվզելը։ Գերմանացի հյուպատոսն ինձ երաշխավորագիր տվեց, որ թույլտվություն ստանամ, այո՛, եղանք և՛ գեղեցիկ պալատներում, և՛ կառավարական շենքերում, բայց ամեն անգամ մերժում էի ստանում։ Հետո դադարեցի պայքարել բալկանյան գնացքի համար և վերջապես ինձ թույլ տվեցին ճանապարհորդել ավանդական գնացքով, ինչով երթևեկելը շատ դժվար էր, քանի որ թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս միշտ պետք է փոխեիր գնացքները, սահմաններին պետք է ստուգեին անձնագրերն ու իրերը և 3 օրվա փոխարեն Կոստանդնուպոլսից Բեռլին պետք է հասնեիր 5-6 օրում։ Բայց ուրիշ բան չէինք կարող անել, և անչափ ուրախ էի, երբ վերջապես անձնագրիս հարցը լուծվեց և այլևս որևէ դժվարություն չկար Ֆրիստյոֆին ինձ հետ տանելու համար։
Կոստանդնուպոլիսը շատ գեղեցիկ քաղաք է՝ Բոսֆորի մոտ գտնվող գեղեցիկ տեղանքով, իր փառահեղ պալատներով և բարձր մինարեթներով, որ խոյանում են դեպի երկինք։ Այն նաև շատ հետաքրքիր քաղաք է իր փխրուն կյանքով և այնքան տարբեր է եվրոպական քաղաքներից։
Կոստանդնուպոլսում հանդիպեցի նաև Մուշից իմ հին ընկերներին, երկուստեք անչափ ուրախ էինք կրկին միասին լինելու համար։ Նրանցից մեկը՝ Պետրոսյանը, նախկինում քահանա էր Մուշի Հավատորիկ գյուղում, բայց վերջին տարիներին Կոստանդնուպոլսում էր և այդպես փրկվել էր։ Այժմ նա քահանա և ուսուցիչ էր Կոստանդնուպոլսից 2 ժամ հեռավորության վրա գտնվող մի հայկական գյուղում։ Երբ նա Մուշում մեզ հետ էր, մենք միշտ լավ ընկերներ ենք եղել և այժմ նա չգիտեր, թե ինչ լավ բան աներ ինձ համար, այնքան պատրաստակամ էր օգնել ինձ։ Երբ կարողանում էր, ինձ տանում էր զբոսանքի ֆյորդ, հոգ էր տանում նաև Ֆրիտյոֆին, իմ ուղևորության համար կատարում էր բոլոր գնումները, ուղեկցում էր ինձ կայարան և լավագույնս էր ինձ վերաբերվում, երբ մի քանի անգամ այցելեցի նրան։ Կարծում էր, որ բավարար չափով բան չի արել ինձ համար, որովհետև ես սիրում էի նրա ժողովրդին և օգնել էի նրանց։ Իսկապես շատ հուզիչ էր նման երախտագիտության արժանանալը։ Այս քահանայի տանը հանդիպեցի նաև մի հայ պառլամենտականի, որը Մուշից էր և ժամանակին արտաքսվել էր այնտեղից։ Նրան ու նրա ընտանիքին լավ գիտեի Մուշում․ նրանք հրաշքով էին փրկվել։ Երկար նստեցինք և զրուցեցինք հին օրերի մասին, ինչպես նաև վերապրեցինք այն սարսափելի իրադարձությունները։ Մուշում կորցրել էր իր բոլոր բարեկամներին, որոնք մոտավորապես 70-ն էին, միայն կինն ու երկու երեխաներն էին փրկվել։ «Քո՛ւյր Բոդիլ»,- ասաց նա,- «պետք է պատմեք, թե ինչ եք տեսել այնտեղ և նույնիսկ եթե մեր տղամարդիկ արժանի էին այդպիսի վերաբերմունքի, հիշե՛ք, որ մեր կանայք և երեխաներն են սպանվել, այրվել և անպատվել, նրանց հազարավորներով գետերն են գցել։ Սարսափելի է մտածել, որ նրանք գրեթե ոչնչացրին մեր ժողովրդին»։
Կոստանդնուպոլսում ինքնին ավելի լավ էր, քան մեկ այլ տեղ, միայն մի քանի հազար հայի էին արտաքսել և սպանել, իսկ մոտակա գյուղերից շատերին ուղարկել էին Փոքր Ասիա կամ անապատ․ ճանապարհին տղամարդկանցից և մեծ տղաներից շատերը սպանվել էին։
Գերմանացի զինվորների տանը հանդիպեցի Միկիին, որը Մուշի որբանոցում մեր գնորդն էր և ծառան։ Նա ուղեկցել էր քույր