Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

...Ներս մտնողը մի գեղեցկադեմ, գեղեցկակազմ, գանգրահեր, բարձրահասակ յերիտասարդ եր. պաշտոնազգեստից կարելի յեր ճանաչել, վոր նա գավառական վարչության ծառայողներից ե. իսկ Բղդեն անունից հասկացավ նորա ով լինելը և մտքումն ասաց. — Շատ հարմար ժամանակ եր, նշանակում ե գործս հաջող ե։


— Ո՞վ եր ներս յեկողը։


— Փոքր կնյազն եր։


— Բայց ո՞վ ե փոքր և ո՞վ ե մեծ կնյազը։


— Մեծն ինքը գավառապետն եր, փոքրն յուր ոգնականը։


Այս անունով եյին հայտնի այս յերկու պաշտոնյաները գյուղացուն. բայց թե իսկապես թե ի՞նչ մարդիկ եյին, ի՞նչ ազգից եյին, ի՞նչ ազգանուն ունեյին, — գավառացու գիտենալու և դատելու սահմանից վեր եր. բավական եր, վոր նորեկ պաշտոնեյին մի անունով կնքեց ամբոխի մի տանուտեր, մի գյուղական պատվելի, և ահա ամբողջ գավառն այդ կոչումով ե ճանաչում յուր մեծավորին՝ առանց ուշադրության առնելու, թե յուր կոչած անունը պակաս- պռատ ե, սուտ ու սխալ ե։


Այս իսկ հիման վերա, Բղդեյին հյուրասիրողը կոչվում եր մեծ կնյազ, իսկ ոգնականը՝ փոքր կնյազ։


— Ի դեպ, մեր յերեկվան խոսակցության առարկա յերկոտանի վորսն յուր վոտքովն ե ընկել, ասաց մեծ կնյազը փոքրին՝ Բղդեյի համար անհասկանալի լեզվով. ել հարկավորություն չկա սրան անհանգիստ անելու, սա յուր գործը հասկացող և յերևում, սրան պինդ պետք ե բռնած։


— Ահա, պարոն Բաղդասար, խոսքը հայերենի դարձրեց գավառապետը, պստիկ կնյազն ել լսել և քո անունը, ուրախ ե, վոր քեզ տեսնում ե։


— Շատ շնորհակալ եմ յերկուսիցդ ել, ձեր վոտքի հող ու մոխիրն եմ:


— Յես փոքր կնյազին խնդրեցի, վոր քեզ վերա քաղցր աչք ունենա, դու այսոր գնա, սորա դուռն ել ճանաչիր։


— Իմ ոչքի, իմ գլխի վերա։


— Յես սրան ասացի, վոր դու կապալառուի գործակալն ես, սա խոստացավ ամեն ժամանակ քեզ ոգնել։


— Յես ել իմ ձեռքիցն յեկած ծառայությունը միշտ պարտք կհամարեմ կատարելու։


— Գնա ուրեմն դուրսն սպասիր, մենք ինչ հարկավորն ե՝ կխոսենք, ինչ անելու յենք՝ սորա ձեռքով կանենք։


Բղդեն յերկիցս և յերիցս գլուխ իջեցնելով՝ դուրս գնաց։