Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ պտուղ կարող ես սպասել մի խոպանացած անդաստանից, վո միայն փուշ և տատասկ կարող ե բսցնել։ Պետք ե մշակել այդ վայրենացած անդաստանը, բարի սերմեր ցանել. յեթե մենք չենք տեսնի, գոնե մեր հետնորդները կտեսնեն և կվայելեն նրա պտուղները ե ինձ նման անմուրազ չեն մնալ։ Վողջ լեր։

ՔՈ ԱՐՈՒԹՅՈՒՆ


— Հաբա քո ասելդ ի՞նչ ե, ա կնիկ, ինչպես պետք ե անենք, վոր՝ ինչպես կասեն՝ «վոչ շամփուրն երվի, վոչ խորովածը»։


— Ահա գալիս ե ինքը... թե աստվածդ կսիրես, այ մարդ, չխոսացնես...


Արությունը ներս մտավ և նստեց իր հորից հեռու, տախտի ծայրին։ Ավետիքն աչքի տակով մտիկ տվավ և ինչ վոր փնթփնթաց ինքն իրան, բայց այս արգելք չեղավ, վոր Արությունը վճռաբար ասեր նրան, թե ինչու իրան չի ուզում ոգնել։


— Ինչ վոր կարդացել ես, կեսն ել ավել ե, պատասխանեց Ավետիքը: Առանց են ել տեսնում եմ, վոր դու շատ ես հպարտացել, ել վոչովի չես հավանում: Ծառը վոր ծառ ե, ինչքան վոր շատ ե պտուղ բռնում, ենքան ճղները կռացնում, խոնարհեցնում ե, բայց դու մի ծառի չափ ել չկաս։ Վոչ ծերի պատիվ ես պահում, վոչ մեծի խոսք լսում. ով վոր մի բան ե ասում, դու իմացած, չիմացած, քրքջում, ծիծաղում ես...


— Սուտ բանը վոր ուզենան ճշմարտի տեղ հավատացնել, ում ծիծաղը չի գալ, ասաց Արությունը վստահաբար, ոգուտ քաղելով հոր հանդարտ խոսելուցը։


— Սուտ բանը վո՞րն ե։


— Յես վոր մեկն ասեմ... Հենց ինչ վոր ասում են, բոլորն ել սուտ ե լինում, վոչ մի ճշմարիտ բան չեմ լսում։ Բորչալվեցի թուրք Ալին տասներկու տարի գելություն ե արել, ասում են։ Սրանից ել անհամ սուտ։


— Հետո՞, եդ սուտ ե. յես ինքս եմ աչքովս տեսել են մարդին, ինչի՞ յե սուտ. ուրեմն մենք ամենքս ել սուտ ենք խոսում։


— Դու քո աչքովդ մարդին ես տեսել, մարդի ասածին ես հավատացել, դու հո չե՞ս տեսել նրան գել դառած, դու հո չես տեսել եդ գելին նորմեկանց մարդ դառնալիս։ Յեթե տեսել ես, դե ինձ հասկացրու, տեսնեմ եդ ի՞նչպես ե յեղել, վոր յես ել հավատամ...


— Ինչպես պետք ե լինի, պատասխանեց հայրն ակամա, ուզենալով վորդուն հավատի բերել և ցույց տալ նրան, վոր ինքն ավելի բան գիտե, քան թե նա, չկասկածելով, վոր իր բոլոր գիտությունը Արությունի համար չգիտություն ե։ — Ինչպես պետք ե լինի։