Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲՈՎՅԱՆ

ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԱՌԱՋԱԲԱՆ

Վո՛չ քսան—յերեսուն տարուց ավելի յա՝ իմ ազիզ հեր, իմ սիրելի ազգ, վոր սիրտս կրակ ա ընկել, երվում, փոթոթվում ա, գիշեր-ցերեկ լացն ու սուքը իմ աչքիցս, ախն ու ո՛խը իմ բերնիցս չի պակսում. այ իմ արյունակից բարեկամք, վոր մեկ միտքս ու մուրազս ձեզ պատմեյի ու հետո հողը մտնեյի։ Ամեն որ գերեզմանս առաջիս տեսնում եյի ամեն սհաթ մահվան հրեղեն սուրը գլխիս պատում եր, ամեն րոպեյի ձեր սիրտն ու դարդը հոգիս երում, մաշում եր, լսում եյի ձեր քաղցր ձենը, տեսնում եյի ձեր սիրուն յերեսը, իմանում եյի ազնիվ միտքն ու կամքը, վայելում եյի ձեր ազիզ սերն ու բարեկամությունը, մտածում եյի ձեր կորցրած փառքն ու մեծությունը, մեր առաջի, են հիանալի թագավորաց, իշխանաց գործն ու կյանքը մեր հայրենյաց մեր սուրբ աշխարքի առաջվան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազգի աննման բնությունը ու արած քաջությունները։ Մասիս առաջիս եր կանգնած միշտ, վոր մատով ցույց եր տալիս՝ թե թնչ աշխարքի ծնունդ եմ յես։ Դրախտը մտքումս եր կենդանի, վոր ինձ յերազում թե լուրջ՝ միշտ մեր յերկրի անունն ու պատվականությունը՝ իմ առաջս եր բերում Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ՝ քնած տեղս ել ինձ ասում եյին՝ վոր յես իրանց վորդին եմ։ Յեվրոպա թե Ասիա ինձ անդադար ձեն եյին տալիս, թե Հայկա զավակն եմ յես, Նոյան թոռը, Եջմիածնա վորդին, դրախտի բնակիչը, դաշտում թե ժամում, չոլում թե տան՝ են քարերն ել ուզում եյին՝ վոր սիրտս պոկեն, հանեն ուր տեղ վոր իմ ազգի վոտը կոխել ա, ու ես որ ել կոխում ա։ Շատ անգամ մեկ հայ տեսնելիս՝ ուզում եյի՝ ելած շունչս ել հանեմ, նրան տամ. բայց ախ՝ լեզուս փակ եր, աչքս բաց, բերանս բռնած, սիրտս խոր, ձեռս պակաս, լեզուս կարճ. գանձ չունեյի, վոր գործով ցույց տայի ուզածս, անունս մեծ չեր՝ վոր