Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասել։ Ի՞նչ գողություն, յերբ բոլոր բամբակ գնողներն այդպես են վարվում, յերբ դու մի և նույնը չանես, չես կարող նրանց հետ մրցություն անել, դու կսնանկանաս։


Անծանոթը չխոսեց։


— Գյուղացին, շարունակեց աղան, շատ բարի մարդ ե, նա մի լավ սովորություն ունի, վոր ասում ե, թե «առնողի աչքը ծախողի ձեռքին կլինի», և միշտ ավելորդով ե տալիս իր մթերքը, քան թե հարկավոր եր, ի՞նչու ոգուտ չքաղել նրա բարեսրտությունից։


— Այդ լավ, բայց...


— Բայց նրան խաբել պետք չե, ուզում ես ասել, ընդմիջեց աղան ծիծաղելով — եդ ե հիմիկվա «ադաթը», բոլորը եդպես են անում, դու ուրիշ տեսակ առևտուր ստեղծել չես կարող։


Մինչ Մասիսյանը անծանոթ պարոնի հետ վաճառականական «սատանայությունների» վրա յեր խոսում, տիկին Մարիամի սենյակում, վոր կից եր աղայի սենյակին, տիրում եր խորին տըխրություն։ Որիորդ Գայանեն սաստիկ հիվանդ եր նրա միքանի տարի առաջ ստացած հաղը այժմ ցույց եր տալիս բարակացավի բոլոր նշանները։ Հիվանդի մայրը, քույրը, յեղբայրը շրջապատել եյին նրա անկողինը։ Հայրը գիտեր իր դստեր վտանգավոր հիվանդությունը, բայց բազարից դառնային հետո չմտավ նրա մոտ, վորովհետև սպասում եր պարոնին, վորի հետ այժմ խոսում եր։


— Այսպես չե կարելի թողնել, ասաց Ստեփանը։


— Ի՞նչ անենք, հարցրուց շվարած մայրը։


— Պետք ե շուտով կանչել բժշկին, պատասխանեց վորդին։


— Դու չես իմանում քո հոր խասիաթը։


— Իմանում եմ... բայց թողնել այսպես, վոր մեռնի, նրա համար միայն, վոր նա միքանի մանեթ չտա բժշկին...


— Փողի բան չե...


— Ել ի՛նչ կա:


Մայրը վոչինչ չխոսեց, և թաշկինակը աչքերին դնելով, սկսեց լաց լինել։


— Յես այս րոպեյիս կգնամ հորս մոտ, կպահանջեմ, վոր անպատճառ բժիշկ հրավիրե, ասաց Ստեփանը վրդովված ձայնով։


Մայրը բռնեց նրա ձեռքից ասելով.


— Ի սեր աստուծո, դու մի գնա. թող յես գնամ, յեթե ինձ վրա բարկանալու յել լինի, յես ձայն չեմ հանի, բայց դու, ով գիտե, մի ղալմաղալ կսարքես։


Տիկին Մարիամը մտավ ամուսնի սենյակը, պատմեց նրան Գայանեյի դրությունը և խնդրեց, թե պետք եր բժիշկ հրավիրել։ Աղան կատաղեց։