Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յես բոլորովին չհասկացա, թե ինչ եյին նշանակում մորս խոսքերը, միայն լսեցի, վոր տերտերը խոստացավ ինձ լավ ուսում տալ, բոլոր կարդացնել, ավելացնելով, թե «հանգուցյալ հայրս» իր լավ բարեկամն ե յեղել, և «նրա խաթրու» ինձ վրա առանձին ուշադրություն կդարձնե և այլն։


Տեր Թոդիկը, այսպես եր վարժապետիս անունը, իր ուսումը ստացել եր Աղթամարա անապատում։ Թե ինչու համար նա թողեց վանքը, — այդ յես չգիտեմ, միայն ասում եյին, թե նա բերեց իր հետ գիտության խիստ ահագին պաշար։ Տեր Թոդիկը մեծ համարում ուներ վոչ միայն մեր քաղաքի մեջ, այլ մեր ամբողջ գավառում հռչակված եր նրա իմաստությունը։ Ով վոր մի յերազ եր տեսել նրա մոտն եր վազում և նրանից բացատրություն խնդրում։ Ում յերեխան հիվանդ եր, նրան Նարեկ, կամ Ավետարան եր կարդալ տալիս, վոր առողջանա։ Ով վոր մի գործ եր կամենում սկսել, նրա «տեր վողորմիալի» վրա յեր վարձում իր բախտը։ Մի խոսքով, նա մեր գավառի մարգարեն եր. ամեն մարդ նրա խորհրդին եր դիմում, ամեն մարդ նրանից խրատ եր ընդունում...


Աստված իմ, ինչեր եյին պատմում նրա մասին... Ասում եյին, տեր Հայրը իր յեղունգի վրա մի բան ե գրում, և այն գրի զորությամբ կնիկները իրանց առջև ծով են տեսնում ու պատրաստվում են լողանալու։ Ասում եյին, թե նա մի աղոթք ե կարդում, և գարսւ հատիկները մրջյունի նման բարձրանում են դեպի տան սյունը, և ընդհակառակը, նրա խոսքով արագաշարժ կարիճը քարացած կանգնում ե և բնավ չի շարժվում։ Ասում եյին, ծտերի բերանը աղոթքով կապում ե, և նրանք չեն կարողանում արտերի ցորենը ուտել։ Ասում եյին, դևերին, սատանաներին բռնում ե, լցնում ապակյա սրվակների մեջ և այնպես պահում ե, վոր մարդկանց վնաս չտան։ — Այսպիսի շատ բաներ խոսում եյին նրա մասին, յես բոլորին, բոլորին հավատում եյի։ Սկզբում իմ վրա սարսափ եյին բերում այս խոսքերը, բայց հետո այնքան ընտելացա, վոր մտածում եյի.


«Տեր աստված, յե՞րբ կլինի, վոր յես ել այդ ամենը սովորեմ և իմաստուն մարդ դառնամ»...


Ի՞նչպես չհավատայի, յերբ ամեն որ տեսնում եյի, նրա տունը լիքն եր հայի, թուրքի, ջհուդի և զանազան ազգերի կնիկներով։ Վերը տեր հոր համար ընծա յեր բերել մի քանի հատ ձու, վորը մի աքաղաղ, վորը մի շիշ արաղ, վորը մի զույգ գուլպա, — վերջապես վոչ մի մարդ դատարկաձեռն վոտք չեր կոխում նրա շեմքի վրա։


Մեր դպրոցը Տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն եր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրան։ Այնտեղ