Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Յես մթան միջից
կանչող լոմ լախուզ,
յես սառի միջից
աղաչող մանուս,
ձեռքս յերկաթ փշրի,
քեզ կոշիկ շինի,
սիրտս աշխարհ դյութի,
վոտքիդ տակ բերի.
լոմ աղջիկ սիրուն,
ասա, ի՞նչ կուզես,
վոր ինձ համբույրիդ
արժանի տեսնես...




Կանայք իրար են անցնում, այժմ ամենքն են ուզում պատասխանել, ամենքը բորբոքվել են։


Բայց հանկարծ Մարգոն, վոր լուռ լսում եր, վոստնում ե, բուռն շարժմամբ դեն ե հրում կանանց և ի դարմանս բոլորի խռպոտ ու խուլ ձայնով յերգում.


* * *


Եյ դու մթան մեջ
կուչ յեկած լախուզ,
սառուցների մեջ
չորացած մանուս.
յելիր, մեյդան յեկ.
աղջիկս քեզ կտամ,
աշխարհում մուրամ՝
բերեմ քեզ պահեմ,
յեթե դաշույն ձեռքիդ
ոջախս սրբես,
յեթե թշնամուս
վոտիս տակ բերես...




Ասում ե ու հրաբորբոք աչքերով վոտքի յելնում։


Բոլորը ապշել են. տիկը լռում ե և մի րոպեյի խոր, անշշուկ լռության մեջ լսվում ե նորից Մարգոյի խրոխտ, դողդողջուն ձայնը, վոր այս անգամ առանց յերգելու գոչում ե.


— Տեսնենք, ով ե այն լոմ կտրիճը, վոր աղջկանս և ոջաղիս համար ցուպը ձեռքն առնի, գա յետևիցս և իր կյանքը զոհի...