Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

...Յերբ լսեցի, թե ուզուն-ախմախը, հիրավի, ձեռնարկել ե այդ անսովոր աշխատության, սաստիկ հետաբրքրվեցի տեսնել հողը, տեսնել հողի աշխատավորին- և պիտի ասել՝ հսկա աշխատավորին, վորովհետև գիտեյի, թե վորպիսի տաժանելի, տոկուն և մեծ աշխատանք եր հարկավոր՝ ցորեն ունենալու համար մի այդպիսի խոպան տարածությունից։


Աշունը գրեթե սկսվել եր Դուզանում.—ամպամած որեր, անձրև մաղող շաբաթներ, խոնավ, մշուշոտ, ցեխ և ճնշող յեղանակներ։


Այնուամենայնիվ հաջողվեց ինձ հասնել Թեոսի հողին։


Ուղուն-ախմախն արդեն կեսից ավելին մաքրել եր քարերից ու տատասկներից և ձեռնարկել այժմ այդ կեսի հողը շուռ տալ գութանով։


— Բարև, Թեոս։


— Ա՜յ աստծու բարին, պարոն Յերվանդ։


— Ա՜յ աղա, — կանչեցի նրան,—ինչու, չթողիր գարնան հերկելու. հողը գոնե քիչ կկակղեր։


Վնաս չունի, պ. Յերվանդ, - գոչեց Թեոսը, առանց մաճը ձեռքից թողնելու, — անձրևները կակղացրել են. գարնանն ել կհերկեմ, կթամզեմ, հլա կփոցխեմ ել ու կարտոֆիլ կցանեմ... Աստծով լավ կըլի հող չի, կասես մեշի հող ըլի...


Ու շարունակեց հերկել։ Վորդուն նստեցրել եր մի լծի վրա, վարձել եր չորս զույգ գոմեշներ, և գութանի տակ հողը արագությամբ շուռ գալով՝ խոր ակոսներ եր կազմում։


Հիրավի, անտառային հող եր յերևում տակի շերտերում։ Ըստ յերևութին շատ առաջ այստեղ անտառ յեղած պիտի լիներ։ Թեոսը չեր սխալվել և յեթե շարունակեր այդպիսի անդուլ գործունեյությունը, մյուս տարվա վերջերին իսկ կարող եր մի աշնանացան փորձել նրա վրա։


Մնում եր տեսնել այժմ, թե տերությունը, անտառապահն ու պահապանը ինչպես կվերաբերվեյին Թեոսի «Հափշտակությանը»։


— Թեոս, —ասացի յես, — բաս ի՞նչ կանես, յեթե գան ու հողը ձեռքիցդ խլեն։


— Վ՞ոնց, — ասաց նա և մաճը ձեռքիցը բաց թողեց, — յանի ընչի՞ պիտի խլեն. պակաս աշխատանք եմ գնում վրե՞ն... չոլ եր, քարոտ, փշոտ, դեն գցած հող... քրտնքովս կակղացրել եմ, ես ձեռներովս քարերը մեկ-մեկ հավաքել, փշերը դուրս տվել... բա ընչի՞, մագամ թալան ա՞ ես աշխարքը, վոր գան ու աշխատանքս խլեն ձեռքիցս...


— Տերության հող ե, հո իրավունք չեն տվել մշակելու. մեկ ել տեսար՝ յեկան, վզակոթիդ խփեցին ու...