Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մատաղ ըլեմ քու աչքերին. ես ա հինգ տարի յա, յերեսը տեսել չեմ... քոռանա ինձ նման մերը, — ասաց պառավը ու լացակումեց:


— Ինչո՞ւ չես տեսել. այստեղ չի՞ գալիս, — հարցրեր Պետրոսը։


— Չե, քե մատաղ, գալիս չի։ Ասում ա գամ գեղումն ի՞նչ շինեմ։ Ասում եմ, վորդի, յեկ, կողքիս նստիր, սկի բան մի շինիլ. յեկ, վոր ամեն որ յերեսդ տեսնեմ, բոյիդ, բուսաթիդ յաշեմ... Ախար աչքումս մազ ա կանաչել, վոր քե եդ որին եմ հասցրել... Ասում ա, նանի, ասիլ մի, եդ ըելու բան չի...


Վերջին խոսքերի հետ՝ արտասուքի կաթիլները գլորվեցան պառավի խորշոմած դեմքի վրա։ Նա գլխափաթաթի ծայրով աչքերը սրբեց։


— Ինչո՞ւ յես լաց լինոսմ, նանի վորդիդ, փառք աստուծո, վողջ առողջ ե, գործն ել հաջողակ, քո ուզածն ել այդ պիտի լինի, — սիրտ տվի յես պառավին:


— Հա, քե մատաղ. բա ինչ ա. վորտեղ ըլում ա ըլի. թաքի (միայն թե) սաղ ըլի... անեմ, թե յես ըստի իրա կարոտը քաշում եմ... պատասխանեց պառավը, աշխատելով իր վիշտը ծածկել: Բայց մի փոքր հետո ավելացրեց.— Շատ վախտ ա գիր չենք ստացել. աստված պահի քե, վոր իմ Վանուցը խեր խաբար (բաբի լուր) բերիր... Ապա տեսնելով, վոր ընկերս շարժվում ե դեպի առաջ, ասաց... Կուզե՞ք, ըստի եյվանումը նստեցեք, յես գնամ մեր հալևորին կանչեմ։


— Չե, նանի, մի նեղանար. մենք ինքներս կերթանք, ձեր բախչեն ել կտեսնենք, — ասացի յես և վողջունելով պառավին՝ աոաջ անցա Պետրոսի հետ:


— Այս ինչ հանելուկ ե,— հարցրեց վերջինս, յերբ մենք հեռացանք:— Այս մարդը տեր Մակուչին խորհուրդ եր տալիս՝ անուսում թողնել իր չորս վորդիներին, մինչդեռ ինքն իր վորդուն բարձր կրթություն ե տվել և փաստաբան շինել:


— Այդ հանելուկը լուծելու համար մենք պիտի մի փոքր ել համբերենք և ծերունուն լսենք. — պատասխանեցի յես:


Պետրոսը վոչինչ չխոսեց, և մենք միասին պարտեզը մտանք:


Դա մի ընդարձակ տարածություն եր, վորի մեծ մասը ծածկում եյին միքանի շարք պտղատոս ծառեր, այն ե՝ խնձորենիներ, տանձենիներ, սալորենիներ և սերկևլիներ, ամենքն ել, գրեթե, պտուղներով ծանրաբեռնված։


Պարտիզի վերջում մի մարդ, գլուխը կապույտ թաշկինակով կապած՝ փորում եր կիսաչոր մի դեղձենու շուրջը: