Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ

ԱՐՏ․ ԿԱՐԻՆՅԱՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԸ ՅԵՎ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ

19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍՈՒՄ,

(Հատվածներ Հեղինակի մի ուսումնասիրությունից).

19-րդ դարի առաջին կեսում հայ հասարակությունը տնտեսական հետամնաց պայմաններում եր գտնվում։

Կապիտալիզմը մուտք չեր գործել Կովկասի սահմանները, գործարաններ չկային, չկար և կապիտալիստական բուրժուազիա։ Չկային վերջապես և խոշոր արդյունաբերական կենտրոններ—կապիտալիստական մեծ քաղաքներ։ Գուցե դրա համար ել չկար այն ժամանակ և գյուղի պայքար քաղաքների հետ։ Գյուղին առայժմ գոնե վոչ մի վտանգ չեր սպառնում քաղաքների կողմից։ Շատ թույլ եյին դեռ վերջինները գյուղերի գոյությունը վտանգելու համար։

Հենց այդ պատճառով ել ժամանակակից գրականության մեջ մենք չենք նկատում քաղարների քննադատությունը։ Ընդհակառակը, ամբողջ ժամանակակից գրականությունը խարազանում եր տիրող պայմանները, կյանքը և ապա ասիական հին կենցաղից հրավիրում գնալ դեպի յեվրոպական քաղաքակրթություն:

Ռուսահայ վերածնության ամենախոշոր գործիչները վոչ թե յերգում եյին և դրվատում հին նահապետական կարգերը, այլ քննադատում եյին այդ անցյալը և հրավիրում բոլորին դեպի նոր յեվրոպական կարգեր, դեպի լուսավորություն։

Յեվ «Հյուսիսափայլը», ռուսահայ առևտրական բուրժուազիայի մարտական այդ առաջին որգանը, հաջողությամբ կատարում ե այդ դերը։ Յեվրոպայից ե նա սպասում լույս, ճշմարտություն, «ազատություն խավարի բաբելոնյան գերությունից»։