Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Վըտակը ժայռից ներքև ե թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում ե, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում ե ժիր թոռնիկի երգին,
Այնպես ե ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Սակայն բնության զըվարթ համերգի
Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մտքի
Յետևից ընկած լսում ե նրան։




ԳՈՒԹԱՆԻ ՅԵՐԳԸ


* * *


Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին...
Վարի՛, վարի՛, իմ գութան։