— Գնում ես, ինձ մենակ թողնում, — մրմնջում եր Սաթենիկը,— ինձ ել հետդ տար: Պա ինչ պիտի լինի իմ ճարը մորդ ձեռքին...
Ամուսինը խնդրում եր նրան թողնել այդպիսի տխուր և հուսահատ
մտքերը, մխիթարում, հուսադրում եր նրա և խոստանում
շուտ վերադառնալ։ Սակայն Սաթենիկի դեմքին վաղուց եր դրոշմըված
տխրության կնիքը այն որից, յերբ նրա յերևակայած
ամուսնական յերջանիկ կյանքը թունավորվել եր շնորհիվ սկեսրոջ:
Արդյոք նա կարողանալու յեր դիմանալ այդ ցավին։
Վորդու ոտարություն գնալուց յերեք որ առաջ սկեսուրը խոսցրեց
հարսին։ Գեվորգը ստիպեց նրան այդ անելու։
— Մարդդ գնում ե,—ասաց Թամամը,—մենակ ես մնում. հիմա
խոսա։ Տանը մնում ենք յես ու դու։ Հնազանդ կաց, խոնարհ ու խելոք,
վոր յես ել ուրախ լինեմ, դու յել վոր կարողանանք սիրով
ապրել և եդպեսով մեր թշնամոց աչքը հանել: Առ ես մանեթը և
խոսա։
Սաթենիկը քիչ տատանվելուց հետո ընդունեց արծաթե դրամը
և առաջին անգամ խոսաց.
— Շնորհակալ եմ, աստված պահի տղիդ։
Այս դեպքը թեթևություն պատճառեց նրա ճնշված կրծքին,
թեև մյուս կողմից մատաղ հարսի սիրտը շարունակ լաց եր լինում
ամուսնու հեռանալու պատճառով։ Իսկ մի անախորժ ընդհարում
կարծեք դիտմամբ յեկավ ավերելու Սաթենիկի ուրախության
նշույլները։
Նորահարսը տանը նստած ամուսնու համար սպիտակեղեն եր
կարում։ Նա ինքն եր ձևել ամեն ինչ և ինքն ել կարում եր։ Սկեսուրը
հսկում եր նրա աշխատանքի վրա: Մի շապիկը արդեն պատրաստ
եր։ Թամամը վերցրեց այդ և աչքի անցկացրեց: Շապկի
կրծքին յերկու կոճակ եր արված, իսկ թևերի դաստակները լայն
եյին կարված և առանց կոճակի:
— Ես ինչ ես արել, աղջի,—նկատեց Թամամը զայրույթով,—
ինչ հարկավոր ե կրծքի յերկու կոճակ. զուր ե, մեկը հերիք ե։
Պա դաստակներին ինչու չես կոճակ արել. եսպես լայն բան կլինի,
քանդիր, դաստակները նեղացուր և կոճակներ կարիր։
— Կրծքին յերկու կոճակ ե հարկավոր, վոր բաց չլինի, — պատասխանեց
Սաթենիկը համեստությամբ,—իսկ դաստակների կոճակ
անելը ավելորդ ե, վորովհետև լայն-լայն եմ անում. եսպես
գեղեցիկ ե. նեղ դաստակները անշնորհք են։
— Անշնորհքի բան չկա եստեղ, ինչպես ասում եմ՝ ենպես ել
արա։