Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/746

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


ԾԵՐՈՒՆԻ ԱՎԱԳԻ ՎՐԵԺԸ



Հանկարծ լսվում ե «հարան ու տարան»,
հարսնքատանը լռում ե զուռնան.
«Կարոն Ալվարդին փախցրեց, տարավ...
Կարոն ամեն ինչ վոտնատակ արավ...
Թյուհ, անաղուհաց, նամարդ արարքին,
անդանակ մորթեց իգիթ Ավագին»։
Ծերը զարկելով գդակը գետնին,
խռոված ձայնով դարձավ ամբոխին.
— Ես ութսուն ձմեռ, ես ութսուն գարուն
յես կյանք եմ քաշել աշխարհի վրա,
բայց չեմ թողել, վոր Ավագի անուն
մի թեթև բանով անգամ սևանա.
եսքան տարի յե, վոր կռվի սովոր,
արյունն ե յեղել ինձ համար քրտինք.
եսքան տարի յե՝ գլուխս ալևոր
չեր կերել եսպես մուր ու նախատինք,
բայց գող Կարոյի նամարդ արարքը
թաղեց վորսկանի պատիվն ու փառքը։
Թեև յերդվել եմ, վոր ել վորս չանեմ,
բայց են նամարդի մուրն ել վոնց տանեմ,—
ասաց ու ծերը հրացանը ուսեց
և տմտմբալով խոր ձորը վազեց.
վոմանք ձիրով, վոմանք ել վոտով
վազեցին հետը զանազան ճամպով։
Ավագ-վորսկանը իր զինված խմբով
շատ ե թափառել անտառ ու ծմակ,
անցել ե ամեն մի նեղլիկ ճամպով,
ուր վորս ե արել ջահել ժամանակ.
Բայց վոչ փախցնողին, վոչ ել աղջկան
նա դեռ չե գտել յերկար փնտռելով.
«Ալվարդն ու Կարոն չկան ու չկան»,
ասում ե դարձյալ նա դեգերելով։
Մի որ հուսահատ, տանջված ու անքուն
անցնելով արդեն վերջին կիրճերը,
մի խիտ, դարևոր մթին ծմակում
և լսեց՝ ինչպես ձիու տրոփով
Ալվարդն ու Կարոն թռչում են ճամպով։
«Հեյ Կարո, Կարո»,—վորսկանը գոռաց,
սիրահարները մնացին սառած.
«Եդպես ես պատվում հին աղուհացը,
Եդպես ես սիրում որենքն իգիթի.
քեզ նման նամարդ գող արարածը
ինչի՞ չի վաղուց զոհվել գնդակի»։
Կարոն շվարած վորպես յերազում