Բազազի «դուքանի աշկերտներն» ել շարունակ ծաղրում եյին նրան, «քիքի» եին կանչում, քիթը բաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։
Բայց ես բոլորը տանելի բաներ եյին։
Անտանելին են եր, վոր նա չեր կարողանում քաղցին դիմանա:
Իրենց, տանը, յերբ սովում եր, գնում եր տաշտիցը հաց եր
առնում, կճուճիցը պանիր եր հանում, ուտելով գնում խաղալու,
կամ թե չե՝ փեշն եր դնում, գնում հանդը: Յերբ ուզում եր, մի
ծառի տակի կամ աղբրի վրա նստում եր ուտում։
Հիմի եստեղ ուրիշ տեսակ եր։ Ինչքան ել սոված լիներ, պետք
ե սպասեր մինչև ճաշի ժամանակը գար, են ել ամենքն ուտեյին,
հետո ինքը: Այդ անիծած ժամանակն ել ենքան ուշ եր գալի, վոր
խեղճի սիրտը քամ եր ընկնում, թրթռում։
Մին, յերկու, տասը համբերելուց յետը նա սկսեց չորս կողմն
աչք ածել խոհանոցում, թե արդյոք մի բան չի գտնիլ ուտելու,
վոր սիրտը կանգնեցնի, մինչև ճաշի ժամանակը գա։
Սկզբում ինչ գտնում եր—չոր հացի փշրանք, կրծած վոսկոր
թե ուրիշ բան, գցում եր բերանը։ Միքիչ հետո մտածեց խոհանոցի
պահարանները վորոնել։ Ապա թե սովորեր կերակուրի պղնձից
կիսեփ մսի կտոր դուրս քաշել...
Բայց յեթե նկատեյին...
Ինչ վատ բան դուրս կգար...
Յեթե նկատեին...
Հապա ինչ անես...
Թողնե՞ս, փախչե՞ս...
Յեվ Գիքորն սկսեց մտածել փախչելու մասին:
Բայց վոնց փախչես, վոր կողմը փախչես. մենակ, ճամպա
չգիտես, մարդ չես ճանաչում... իսկ հերը...
Ենքան չարչարվեց, խոսեց, խրատեց՝ «որեր են, վորդի, կմթնեն,
անց կկենան...»։
Յեվ ահա Գիքորի գլխում հնչում ե հոր խանձված ձենը.—
«Որեր են, կմթնեն, անց կկենան... անց կկենան...»:
Զանգը տվին։
Գիքորը վեր թռավ։ Ասել եյին, թե յերբ զանգը տալիս են,
գնա տեսնի՝ ով ե, ինչ ե ուզում։ Նա դուրս յեկավ, պատշգամբից
նայեց, տեսավ մի պարոն ու մի քանի տիկին դռան առաջ կանգնած։
— Եդ ով եք, հեյ,—ձայն տվավ վերևից։