Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/789

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եր հիշում ամուսնուն, բայց հետո ուշք ու միտքը գյուղումն եր, կարծես մի բան կորցրած, ցրված ու ապուշ եր յերևում։ Հիշելով իրանց յերջանիկ ամուսնական կյանքը ուզում եր թևեր առնի, թռչի դեպի գյուղ, մի րոպե տեսնի իր սիրելի կողակցին և հետո կրկին վերադառնա, իր սև կոպեկները ժողովի: Տանջվում եր, աղքատիկ ապրուստը մի կողմից, չարքաշ կյանքը մյուս և անցյալ յերջանիկ կենցաղավարության իրականանալու փափագը մի յերրորդ կողմից՝ նրան հալ ու մաշ անել եյին սկսել: Փոխվել եր. լիքը թշերին, սպիտակ փայլուն ճակատին և վառվռուն աչքերին չարքաշ կյանքի և մելամաղձոտության թեթև կերպով անց եր կացել:


— Այսոր, տեսնում եր, գործ չկա, լռությունը խանգարեց նրանցից մեկը։


— Դեռ վոչինչ չեմ վերցրել, ժամի տասներկուսը շուտով կխփեն:


— Մենք ել վոչինչ չենք վերցրել, — ձայն տվին այս և այն կողմից։


— Այսոր, ինչպես յերևում ե, վոչինչ չպիտի աշխատենք, ավելացրավ Ստեփանը։


— Աստված ե իմանում, տեսնենք,— վրա բերավ կողքի նստածը։


Այս խոսակցության Ժամանակն եր, վոր դրանց առաջով անցկացավ պարոն Զախար անունով վաճառականը։ Նա ամբողջ մարմնով շուռ յեկավ, չկարողանալով հաստ վիզը ծռել և Ստեփանին ձեռքով արավ։ Ստեփանը ծլունկ յեղավ տեղից, հետն ել մոտի նստածները։


— Հը, ի՞նչ ե, ինչ նորություն, մարդ չեք կուլ տալու խո, յես սրան կանչեցի,— ցույց տալով Ստեփանին, — տեղներդ շնթռկեցեք,— նախատեց պ. Զախարը։


— Անունդ ինչ ե,— հարցրավ Ստեփանին։


— Քեզ ծառա՝ Ստեփան։


— Լավ, Ստեփան, յես քեզ տեսնում եմ, վոր քաջ և սրտոտ կլինես և, բացի դրանից, հավատարիմ. դրա համար ուզում եմ քեզ մի գիշերապահության պաշտոն տալ։


— Ծառադ եմ, ինչ խոսք, ինչպես հրամայում եք, — պատասխանեց Ստեփանը բոլորովին անկեղծ կերպով։


— Հա, դե վոր այդպես ե, խոսենք ամսով. ամիսը ի՞նչ կառնես։


— Աղա, դե յես ինչ իմանամ, դուք ասացեք։


Ստեփանի մտքով այդ րոպեյին ինչեր չեր անցնում. «Լավ պատահեց. բախտս բացվել ե. ել մշակ չեմ լինի. լավ մարդ ե յերևում, ինձ հավանեց. լավ փող կտա»։