Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հերիք ե, Խեչան, մեղք ե ուրիշներին մեղադրելը, յեթե ամանչում ես այսքան մարդկանց մոտ խոստովանելը, յես բոլորին դուրս կհանեմ, ինձ ծածուկ պատմիր, մեր մեջը կմննա: Այս խոսքերից հետո մովրովը դուրս հանեց բոլորին. նա հասկանում եր թուրքերեն։


Յերկար ժամանակ մովրովը Խեչանի հետ փակված մնաց, շատ հորդորներ, քաղցր խաբեյական խոսքեր, սպառնալիքներ կարդաց. ծերունու բերանից միայն լսեց ճշմարտությունը։


— Ի՞նչ, հանկարծ դուռը հետ բանալով գոչեց մովրովը, դու ինձ ևս սպառնում ես սպանելու, իմացիր ում հետ ես խոսում. յասավուլ, սրա ձեռները կապեցեք, վոտքերը շղթայեցեք, գրագիրը, արձանագրիր, վոր սա սպառնացավ ինձ ևս Մահմատ—Բաղրի նման սպանել, յեթե յեռ իրան ազատ չթողնեմ. այդ բոլորովին պարզ յուր հանցանքը խոստովանել կնշանակի, գրիր, թող բոլոր բազմությունն այս խոսքերին վկա գրվին։


— Աղա, գլխիդ մատաղ, տուն մտավ հանկարծ Սմբատը, ասենք ես բանի մեջ վոչ յես եմ մեղավոր, վոչ ես վողորմելի հալիվորը, բայց յես խնդրում եմ վոր սրան բաց թողաս՝ իմ կռները կապես, ինձ գնջլի[1] մեջ դնես. սա ծեր մարդ ա՝ չի կարող տանիլ, համա յես, փառք աստծու, դեռ կռներումս ուժ ունիմ. խեղճ արի դրան ու իր մինուճար աղջկանը՝ վոր գլխամեռիս նշանածն ա. յերեկվանից խեղճ աղջիկը տաքության մեջ ընկած եր. հիմի յերբ վոր իր հորոքիրը գոռալով տուն ընկավ, վոր սրան դու կապել չարբանդել ես[2], հիվանդ հիվանդ տեղիցը վեր թռավ, ուզում եր գա քո վոտքերն ընկնի, ուժահատված տան մեջ տեղը փռվեց ու սիրտը գնաց. արի, աղա, քո աչքովդ տես ու խեղճ արի:


— Դու ո՞վ ես, վոր համարձակվում ես իմ դեմս խոսել։


— Յես ես տան անբախտութենի պատճառն եմ. յեթե Խեչանն իր տված խոսքը քանդեր, աղջկանն ուրիշ հարուստ տղի տար, հիմի ես պատուհասն իր տան գլուխը չեր գալ, վոտներիդ մատաղ, աղա, ինձ գնջլի դրա տեղակ։


— Կորի, աչքիցս հեռացի, յես իմ հանցավորին լավ եմ ճանաչում։


— Վոր ըտենց ա՝ յես եմ մարդասպանը, յես մի յերկու շաբաթ հառաջ իմ ձեռովս խիշտը սրեցի, յես խաբելով Մահմատ—Բաղրին ըստեղ բերի, յես պատն առաջուց քանդեցի ու թուրքին մեջը կոխեցի, իմ ձեռովս և սպանեցի, հիմի լսեցի՛ր, դե, անմեղ մարդին բաց թող ու ինձ բռնի։ Ես խոսքը քեզ մոտ ել եմ ասում, նա—

  1. Շղթայի:
  2. Կաշկանդել: