Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4-րդ դարի սկզբում, ոչ Ս. Գրիգորի, ոչ նույնիսկ առաքյալների ձեռքով, այլ հենց՝ երկնքից իջած Քրիստոսի իրեն ձեռով։

Այսպես ուրեմն, Ագաթանգեղոսի Հայոց Պատմությունն եղել է հայ եկեղեցական դասի ձգտումն արտահայտող աոաջին գրական երկերից մեկը, եթե ոչ առաջինը։ Դրա մեջ փառաբանված է և՛ քրիստոնեությունը, և՝ հայոց եկեղեցին, և հայ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատում, նրա ժառանգական աթոռակալներն իրենց ծագումով։ Ամեն ինչ այդ գրքի մեջ դիմում է գլխավորապես այդ նպատակին։ Նույնիսկ այն, որ դրա մեջ ուժեղ կերպով գծագրված է հսկայազոր Տրդատ թագավորի պատկերը, այդ էլ ծառայում է նույն նպատակին, եկեղեցականը փառավորելուն։ Քրիստոնեության դիրքը բարձրացվում է այնու, որ Տրդատի, ինչպես և Կոսատանդիանոսի նման թագավորները խոնարհվում են նրա և նրա ներկայացուցիչ կաթողիկոսի առաջ։

8․ Վիպական տարրը։ Ագաթանգեղոսի սկզբի մասի պատմությունը համեմատելով օտար աղբյուրների հաղորդածների հետ՝ այն եզրակացության են եկել, որ դա «այլակերպեալ պատմութիւն» է։ Այդ պատմվածքները «ճիշտ պատմական են, բայց մթին և հարևանցի, շատ դեպքեր ի մի ձուլված. մի խոսքով՝ պատմություն, բայց ոչ ականատեսի և ոչ ժամանակակցի, այլ ի լրո պատմագրող հեղինակի։ Այդ «լուրը», միայն ժողովրդական վեպ և զրույց կարող էր լինել, ժողովրդական վեպը կամ զրույցը միայն կարող էր այնքան և այնպես «այլակերպեալ» ձևով պահել իր մեջ պատմական հիշողություններ մոաավորապես 225-160 տարի առաջ կատարված եղելությունների մասին, քանի որ՝ Ագաթանդեղոսի պատմած դեպքերն ընկնում են 225 թվից մինչև 3-րդ դարի վերջին տասնամյակը, իսկ Ագաթանգեղոսը 5-րդ դարու կեսերին է գրված։

Անշուշտ, Ագաթանգեղոսի հեղինակն ավանդական վեպից օգտվելիս ազատ էր վեպի մասերը ցրվելու պատմության մեջ այս ու այն տեղերում, այլև պատմության մեջ պիտի չառներ այնպիսի մանրամասնություններ, որ նրա աչքին պատմական չէին, ինչպես են՝ առասպելական հատվածներ, եթե կային այդպիսիք, ընտանեկան հարաբերություններ, ամուսնություն, խնջույք, այլ միայն պատերազմները և քաջագործությունները պիտի առներ, և այս ամենն իր լեզվով պիտի պատմեր,- բայց և այնպես վիպական հետքերը շատ տեղ պարզ երևում են։ Եվ մեր այս կիսապատմական և կիսաբանաստեղծական վեպն իր կենդանությունը նրանով է ստանում գրքի առաջին մասում, որ ամբողջապես ծագում է բուն ժողովրդական բանաստեղծությունից։ Վաղուց նկատված է, որ Տրդատի քաջագործությունների մասին պատմվածքները քաղված են ավանդական զրույցներից, որոնց մեջ նա ներկայանում է իբրև իսկական դիցազն։ Ըստ երևույթին հեղինակն էլ նույնը հայտնում է, երբ