Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Ներկա աշխատությունը հայոց հին գրականության առաջին ամբողջական գիտական ընդարձակ պատմությունն է: Այս մասին անցյալում գրված գրքերը (Հ. Գաթրճյան, Ստ. Պալասանյան, Գ. Զարբհանալյան, Ա. Զամինյան) եղել են` կամ զուտ փաստագրական ոչ լրիվ շարադրանքներ, առանց գրական հուշարձանների հասարակական-գաղափարական բովանդակության և գեղարվեստական աոանձնահատկությոնների քիչ թե շատ մանրամասն վերլուծման ու գնահատության, և կամ համառոտ դասագիրք-ձեռնարկներ (դարձյալ ոչ լրիվ) միջնակարգ դպրոցների աշակերտության համար:

Ակադեմիկոս Աբեղյանի այս գիրքը բազմահմուտ գիտնականի տարիների համառ աշխատանքի արդյունք է, ուր առաջին անգամ մեր գրականության մեջ դրվում և իրենց գիտական լուծումն են ստանում բազմաթիվ կարևոր պրոբլեմներ, որոնց վրա հեղինակը տքնել է տասնյակ տարիներ, մի առ մի հետազոտելով ամեն մի առանձին խնդիր: Իր այս հոյակապ գործում Մ. Աբեղյանը բացահայտում է հայոց հին գրականության բուն էությունը, նրա ոգին և ընդհանուր ուղղությունը, դիտելով այն իբրև օտարերկրյա (պարսկական, արաբական և այլն) բռնապետությունների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական դարավոր ու անդուլ մաքառումների և քաղաքական պայքարի մի գրականություն:

Ներկա աշխատության մեջ լուսաբանված են ոչ միայն զուտ գրական փաստերն ու երևույթները, այլև վերջիններիս հետ անմիջորեն առնչվող և մեր ժողովրդի կուլտուրայի պատմության համար խիստ կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ (Եզնիկ Կողբացու գործի և Յաճախապատումի առնչության, քաղկեդոնականության նկատմամբ հայոց եկեղեցու ունեցած դիրքի, Տիմոթեոս Կուզի Հակաճառության ժամանակի և այլն): Աշխատությունը նոր լինելով՝ պարունակում է հեղինակի անցյալում գրած մենագրական բնույթի մի քանի գործերի և բանասիրական հետազոտությունների կարևոր թեզերն ու եզրակացությունները: Այստեղ դրսևորված են անվանի գիտնականի մեծ էրուդիցիան, բանասիրական հմտությունը, ուսումնասիրության նյութի խոր իմացությունը:

VII