Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որի դեմ կռվում է պարսիկների մեջ Հրուդենը—Թրայետաոնան։ Սրան համապաատասխան է հնդիկների մեջ Տրիատ աստվածը, որ Ինդրայի հատկություններն ունի և նույնպես կռվում է Վիշապի դեմ։ «Աժդահակ», բառի «վիշապ» նշանակությունը ծանոթ է նաև Մ. Խորենացուն։ Աժդահակի կինը՝ Անուշ՝ վեպի մեջ (Ա. 31) հիշվում է պարզապես իբրև «մայր վիշապաց»: Տիգրանը մարերի հետ գերում է նրան և իր որդիների հետ բնակեցնում է «յանդորբութեան սպառուածի փլածին մեծի լերինն», (Ա. 30), Մասիսի վրա, որ վիշապների կամ վիշապազների բնակարան է համարվել հնումն և մինչև մեր օրերը։ Մասիսի (առանձնապես Փոքր Մասիսի) վիշապների մասին մեր օրերում «պեսպես բաներ» էին պատմում, կամ, ըստ Խորենացու, «անյայտ իրք վիշապաց, որք են յԱզատն ի վեր ի Մասիս»։ Այդ Անուշի զավակները, ինչպես և ընդհանրապես Հայաստանի այդ «Մարք», շրջանի բնակիչները, կոչվել են «Վիշապազունք» կամ «զարմք Աժդահակայ»։ Նրանք Վիպասանքի շարունակության մեջ էլ հանդես են գալիս։ «Վիշապաց մոր» երևան գալը մեր առասպելի մեջ մի պատահական բան պետք չէ համարել։ Վիշապի կանայք ամպրոպային կռվի մեջ գերվում են ամպրոպային աստծուց, երբ սա հաղթում է վիշապին, Ինդրայի կռվի մեջ Ահիի (վիշապի) դեմ՝ նույնիսկ վերջինիս մայրն է դուրս գալիս։ Ամպրոպային աոասպելի մեջ ամպրոպի աստծու քրոջը կամ կնոջը հափշտակում է վիշապը և արգելում իր բուրգում։ Բայց աստվածը հաղթելով վիշապին՝ ազատում է քրոջը կամ կնոջը։ Մեր առասպելի մեջ Տիզրանուհին նույն դերն է կատարում։ Աժդահակը, ամպրոպային վիշապը, հափշտակում է Տիգրանից (=սկզբնապես ամպրոպային աստծուց) նրա քրոջը և պահում իր մոտ։ Բայց Տիգրանը հարձակվում է իր թշնամի վիշապի վրա, սպանում է նրան, ազատում քրոջը գերում է վիշապի կնոջը, «վիշապաց մորն» և բնակեցնում նրան իր սերնդով Մասիսի վրա։

Տիգրանի տեղ սկզբնապես ամպրոպային աստվածը, Վիշապաքաղ Վահագն եղած պիտի լինի վիշապ Աժդահակի դեմ կռվողը։ Այս ենթադրությունը հավանական է դաոնում այնու, որ Աժդահակի դեմ կռվող Տիգրանը Վահագնի հայրն է: Աոասպելաբանության մի ընդհանուր հատկությամբ, մանավանդ երբ աոասպելն սկսում է կորցնել իր դիցաբանական կերպարանքը և պատմական գույն ստանալ, հաճախ մի աստվածություն կամ դիցազն բաժանվում է երկսի. ստեղծվում է աստծու կամ դիցազնի համար հայր կամ որդի, որի վրա պատմվում է, երբեմն փոխված ձևով, միևնույն հին առասպելը։ Հայկական զրույցի այսպես երկուսի բաժանվելն անհրաժեշտ պիտի չիներ այն ժամանակ, երր արդեն մարերն ու վիշապներն սկսել էին շփոթվել պատմողների գիտակցության մեջ, երբ առասպել և պատմական վեպ խառնվում էին․ վիշապների ազգի տեղ անցնում էր Մարերի ազգը, հին առասպելական օձերի կամ վիշապների թագավոր Աժդահակին փոխանակում էր Մարաց թագավորը, ինչպես ն նրա սերունդը համարվում էին Մարաց թագավորի զարմ մարեր, կամ, ընդհակառակն, մարերը համարվում էին վիշապազն Աժդահակի զարմ:

4. Վիշապը կամ Աժդահակն իբրև տոտեմ։ — Որ «վիշապ», և «մար» շփոթվել են իրար հետ, դրա մի պատճառն այն է, որ «մար» նշանա-

48