Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողը դարձրել է Ագաթանգեղոս։ Եվ այս գրքի ազդեցությանն էլ երևում է Բաբիկի զրույցի մեջ[1]

Բաբիկի և Հոնագուրի մենամարտը, ինչպես տեսել ենք, ունի իր բազմաթիվ նմանները: Բայց դա նման է ավելի Տրդատի և Գոթաց թագավորի մենամարտին: Ինչպես Տրդատն իր հաղթությամբ ձեռք է բերում իր հայրենական երկիրը՝ Հայաստանի թագավորությունը, նույնպես Բաբիկը՝ իր հայրենական Սյունյաց տերությունը։ Բայց վեպի ընդհանուր գաղափարը դրա մեջ չէ։ Դա միայն եկրորդ մասի գաղափարն է—ցանկալ բնիկ աշխարհը, «ոչ հանդուրժել արտաքոյ բնիկ տերութետն իւրոյ փափագեալ սաստիկ կարօտութեամբ յաշխարհ իւր», որովհետև «չիք ումեք քաղցրագոյն ցան զծնողս, և ոչ քան զգաւառ իւր»։ Ամբողջ վեպի մեջ իշխում է նախարարական տոհմերի «նախագահության» խնդիրը, որ շատ մեծ տեղ է բռնել ֆեոդալական կենցաղի մեջ։ Հպարտ սյունի իշխանը, վիրավորվելով, որ իր բարձը ցած աստիճանում է դրվել, ապստամբում է նույնիսկ հզոր Շապուհ արքայից, որ իր հարձակումներով բան անել չի կարողանում նրան, մինչև որ վերջն անարգանքի սանդն է գնել տալիս։ Ապա ապստամբի որդին իր քաջությամբ ապացուցում է, որ Սյունյաց տոհմը արժանի է ավելի բարձր գահի, և դառնում է «նախագահ» և «ընդ Բագրատունւոյ և ընդ Մամիկոնէի համապատիւ»։ Այս է ահա գաղափարն այդ ֆեոդալական զրույցի, որի մեջ ազնվական տերն իր փառասիրության համար միայն ավերում է իր երկիրը։

Այդ զեղեցիկ զրույցը քերթողաբար մշակել է Սյունյաց եպիսկոպոս Պետրոսը։ Ճիշտ է, բնագիրը չունենք, բայց Ստ․ Օրբելյանի և Մ. Կաղանկատուցու քաղվածքներից բավարար հասկացություն ենք կազմում նրա արվեստի մասին։ Երևում է, որ զրույցի պատմվածքի ընթացքը նույն ժողովրդականն է պահված, մշակումը կատարվել է գլխավորապես արտահայտության ձևերի նկատմամբ։ Պատմվածքին տրված է քերթողական ճոխ ոճ, ինչպես կարելի է տեսնել բերված հատվածներից։

3. Զենոբ Գլակ և Հովհան Մամիկոնյան[2]։- Այս երկու անուններով կա մի երկ[3] «Պատմութիւն Տարոնոյ»։ Ըստ երևույթին դրանց տակ ծածկված է միևնույն անձը, որ իր գրած «Պատմության» հին մասը վերագրել է Զենոբ Գլակ անունով մեկին, իսկ վերջին մասը՝ մի Հովհան Մամիկոնյան եպիսկոպոսի։ Այդպես վարվելու նպատակն եղել Է իբ հորինած «Պատմությունն» ընծայել իբրև ժամանակակիցների գործ, ուստի և վավերական ու հավաստի։

Ասորի Զենոբ Գլակ եպիսկոպոսին, ըստ այդ «Պատմության» Ս․ Գրիգորը Կեսարիայից վերադառնալիս հետը բերել է Հայաստան և Տարոնում իր հաստատած Իննակնյան կամ ս․ Կարապետի վանքում առաջնորդ և վանահայր կարգել։ Նա Ս․ Գրիգորի հրամանով գրել է «Տարոնի պատմությունը»։

  1. «Գոյ այր մի ի դրան քում, որ գործ պատերազմիդ նովաւ վճարի» (Ստ․ Օրբելյան)։ «Գործդ այդ նովաւ վճարի» (Մ․ Կաղանկ․): «Գոյ ասա այր մի ի դրան քում, զի իրցդ այդ նովաւ վճարին (Ագաթանգեղոս)։
  2. Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ Գլակ Ասորի (Զենոբայ Գլակայ Ասորայ եպիսկոպոսի Պատմութիւն Տարոնոյ), Վենետիկ, 1833
  3. Յովհաննու Մամիկոնենի եպիսկոպոսի Պատմութիվն Տարոնոյ, Վենետիկ, 1838։