Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխանության և թագավորության շրջանի համար՝ հայտնելով, թե Շապուհ Բագրատունի պատմագիրը մանրամասն գրել է այդ մասին: Շատ ընդարձակ տեղեկություններով սկսում է պատմագրել Սմբատ թագավորի (891—916 թ.) և սրա որդի Աշոտի ժամանակը, և հանդիսանում է այդ շրջանի հայոց պատմության ամենագլխավոր աղբյուրը, ոչ միայն ժամանակակից, այլև իր պատմած շատ դեպքերի ականատես և մասնակից լինելով իբրև կաթողիկոս:

3. Ինքնակենսագրություն և գրական գործ։—Հովհաննես կաթողիկոսի այդ երկն իր մի խոշոր մասով ոչ թե սոսկ պատմություն է այս բաոի սովորական իմաստով, այլ ինքնակենսագրություն կամ հիշողություններ, և իբրև այդպիսին՝ անմիջական կենդանի կոնկրետ, արտահայտություն է: Իր ձևով էլ դա աչքի է ընկնում: Թեպետ ծերության ժամանակ գրի առնված, բայց սկզբի մասը մի կողմ թողած, մեծ թափով ստեղծված մի իսկական գրական գործ է դա, որ վկայում է հեղինակի մտավոր կարողությունը: Որքան Պատմության հին մասը, որ ուրիշներից է առնում, արագ ու հապճեպ, համառոտելով, սեղմ բովանգակությամբ է առաջ տանում, այնքան ավելի ծավալուն ոճով և իրական կյանքի գծերով է աոաջ բերում իր ժամանակակից պատմությունը: Ամեն հատվածներն այդ երկի լի են հեղիանակի ապրումներով. հաճախ նրա կրած նեղություններով, նրա ցավագին վշտահարությամբ ժամանակի տխուր ու թշվառ կացության համար: Կարդալիս շարունակ տեսնում և զգում ենք հեղինակին, որ շատ զգայուն է դեպի ուրիշների տառապանքները, դրա համար և ազդում է, երբեմն նրա խոսքը նույնիսկ հուզիչ է իր մանրամասնություններով, մանր բաների պատմվածքներով, որոնք տեղ են գտնում սովորաբար ինքնակենսագրությունների ու հուշիկների մեջ, նրա սրտից անպակաս է նաև ատելությունը դեպի երկրի ավերիչներն ու դավաճանները: Մերթ այնքան սաստիկ է նրա ցավը դեպի անմեղ վնասվածները, որ նա ոչ միայն վշտալի սրտով պատմում է դառն դիպվածները, այլև ընդհատելով պատմվածքը՝ մարգարեական եղանակով, նաև մարգարեների խոսքերով, քնարական զեղումներով ողբում է երկրի ավերումը. հայ ազգի անկումն ու թշվառությունը:

Իբրև քերթողական արվեստին վարժված գրող՝ Հովհաննեսը ջանում է ըստ ամենայնի ճարտասանորեն ու գեղեցիկ պատմել և իր ոճով էլ ազդել: Մեկ մեկ գովում է կամ բնութագրում է իր սիրելի անձերին, հաճախ աոանձին մակդիրներով, ինչպես, օրինակ՝ «իմաստունն Գագիկ», «մեծ և խոհեմ և Հանճարեղ իշխանն Հայոց Գրիգոր», «հեզահամբոյրն [Սմբատ]», «հոյակապ իշխանն մեծ Սահակ», «ամենահարուստ և բազմահանճար թագաւորն»։ Սիրում է որևէ դիպուկ ածականով որոշել առարկաները, գործողությունները։ Հորինում է ընդհանրապես զարդարուն դարձվածներով, ճոխ, պատկերավոր արտահայտություններով, նմանություններով, ճարտասանական ձևերով. «Հէնք Իսմայէլեան ասպատակացն իբրև զհրդեհ» յանտառս և ի շամբս վառեալ, այսպէս սփռեալ տարածեցին զճարակս բոցոյ ի մէջ ժողովրդոց մերոց. և գտաւ ամենայն գլուխ ի ցաւս և ամենայն սիրտ ի տրտմութիւն» (էջ 232): Հաճախ, սակայն, ընկնում է ճոռոմաբանության,