Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դական կայսրության հետ, իսկ հայ իշխանները, այդ մանր բռնակալները, զուրկ որևէ քաղարքական հասկացությունից, ամեն տեսակ արգելքներ են հանում արքայի դեմ։ Նրանք ձգտելով անկախ իշխանություններ կազմելու՝ դավադրություններ են սարքում և՛ թագավորի, և՛ միմյանց դեմ, կռվում են իրար հետ, մեկմեկու ձեռից հափշտակում են կալվածները, բերդերը, իրար երկիր ավերում, հունձն այրում, բռնում շղթայում, բանատարկում մեկը մյուսին, սպանում կամ քիթը կտրում, կամ կուրացնում․ թագավորին քսությամբ գրգռում սրա նրա դեմ, դավաճանում են արքային, ապստամբում են նրանից, նույնիսկ թշնամիների կողքն անցնում «թագավոր» տիտղոսն ստանալու համար, թշնամիներին առաջնորդում Հայաստան, ուզում են սպանել արքային, սրա սիրելիներն անգամ անցնում են օտարի կողմը։ Եվ այսպես երկիրն ապրում է մի եղերական վիճակ ընդհանուր շահերի ըմբռնումից զուրկ այդ անձնասեր ֆեոդալների ձեռից։ Եվ այսպես վարվում են նրանք այն ժամանակ, երբ հարավից Միջտգետքի ոստիկանները մուտք են գործում Հայաստան, մյուս կողմից նաև Աարպատականի այն ոստիկանը, որ մի ժամանակ վախենալով Հայոց թագավորից՝ բարեկամ էր ձևանում, հենց նույն Ցուսուփը, որ վերևում հիշվեց, տարիներ շարունակ ավերում է Հայաստանը, ամեն տեսակ անգթություններ գորձելով։ Քանի որ Հայոց թագավորի դիմադրական ուժը պակասել էր՝ նա ստիպված է լինում նույնիսկ կրկնակի հարկ տալու, բայց ոչինչ չի օգնում այդ արյունարբու արարի սիրտը ողոքելու, նա խաբեական միջոցներով գերեվարում է իշխաններին, նրանց ընտանիքի անդամներին ու նրանց արձակելու համար մեծ փրկանքներ պահանջում, աշխատում է բռնել, ոչնչացնել և ոչնչացնում է բոլոր աչքի ընկնողներին։ Նա տմարդորեն ձերբակալում է նաև թագավորին ու տանջալից մահով սպանում նրան։ Արքայորդի Աշոտը սոսկալի կերպով վրեժխնդիր է լինում իր հոր համար։ Եվ այս բոլորը և շատ այսպիսիները պատմում է Հովհաննեսը մանրամասնորեն, իբրև իրար հաջորդող իրողություններ։