Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մաշտոցի մահից մի քանի տարի հետո, 445 կամ 447 թվին, կայանում է Շահապիվանի նշանավոր եկեղեցական ժողովը, արի կանոնները[1] մասամբ վերաբերում են պոռնկության: Դրա Ժ. կանոնի մեջ կարդում ենք. «Որք լոկ դիւթեն … ԺԲ. (=12) կրկին գան արբցեն. խ ա ն ձ ե ս ց ե ն, մ ր ե ս ց ե ն, յոսկր արկցեն և յուրկանոց տացեն. Բ. (=2) ամ աղասցեն գոդեացն»։ (Կա այլ ընթերցված՝ «խանձեսցին, մրեսցին, յուրկանոց տարցին»…)։ Կնշանակի՝ կանոնը պատվիրում է դյութերին լավ ծեծել, խանձել, մրել և ուղարկել ուրկանոց, ուր երկու տարի պիտի երկանք աղային գոդիների համար: Շատ պարզ է, որ «խանձել, մրել» չի նշանակում՝ «կենդանի այրել», քանի որ այդպես պատժվածներն ուղարկվում էին արկանոց երկանք աղալու[2]: Մաշտոցն էլ նույնպես վարվել է տվել «բորբորիանոս» կոչված աղանդավորների հետ, միայն նրանց ոչ թե ուրկանոց է ուղարկել, այլ երկրից դուրս հանել։

2. «Յաճախապատում ճառք»։— Կորյունը հայտնում է, թե Մաշտոցը «բազում թուղթս խրատագիրս և զգացուցիչս ընդ ամենայն գաւառս առաքէր», բայց այդ թղթերի և ոչ մեկը երևան չի եկել։ Բացի այդ՝ նա գրում է. «Այնպիսի առաւել և բարձրագոյն վարդապետութեամբն՝ սկսեալ երանելոյն Մաշթոցի ճառս յաճախագոյնս, դիւրապատումս, շնորհագիրս, բազմադիմիս ի լուսաւորութենէ և ի հիւթոյ գրոց մարգարէականաց կարգել և յօրինել, լի ամենայն ճաշակօք աւետարանական հաւատոցն ճշմարտութեան: Յորս բազում նմանութիւնս և օրինակս ի յանցաւորացս աստի, առաւելագոյն վասն յարութենական յուսոյն առ ի հանդերձեալսն, յերիւրեալ կազմեալ, զի հեշտընկալք և դիւրահասոյցք տխմարագունիցն և մարմնական իրօք զբաղելոցն լինիցին, առ ի սթափել և զարթուցանել և հաստահիմն առ ի խոստացեալ աւետիսն քաջալերել»[3]: Այս միևնույնը գրեթե բառացի կա և Ագաթանդեղոսի մեջ՝ Ս. Գրիգորի մասին պատմված[4]։

Ունենք ճառերի մի ժողովածու «Յաճախապատում ճառք» վերնագրով[5]։ Կորյունի հիշածը հենց այս գիրքն է, բայց դա, որովհետև դավանաբանական նշանակություն է ունեցել, Գրիգոր Լուսավորչին է վերագրվել՝ այդ գրվածքին ավելի մեծ հեղինակություն ընծայելու համար, և որպեսզի որևէ կասկած հեղինակի մասին փարատվի, ամեն մի առանձին ճառի վրա Ս. Գրիգորի անունը կրկնվել է իբրև վերնագիր («Երանելւոյն սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի» և նմանները)։ Իսկ որ Ագաթանգեղոսի

  1. «Կանոնգիրք հայոց», Թիֆլիզ, 1913, էջ 56 և հտն.։
  2. Այդ ժողովի ԺԹ (էջ 80) կանոնը. «Եթէ ոք ի մծղնէութեան գտցի կամ երէց կամ սարկաւագ կամ աբեղայ, քահանայութիւնն լուծքի, աղուէսադրոշմ ի ճակատն դիցի և ի տեղիս ճգնաւորաց յապաշխարութիւն տացին։ Ապա եթէ դարձեալ ի նմին գտցի, գջիղսն երկոսին կտրեսցեն և ի գոդենոց տացեն… Ապա եթէ արք կանամբք և որդւովք գտցին յաղանդին, զարանց և զկանանց և զիրագէտ մանկանց զջիղսն կտրեսցեն, աղուէսդրոշմ ի ճակատն դիցեն և ի գոդենոց տարցին յապաշխարութիւն. և մանկունք, որ չիցեն գիտացեալ զպղծութիւնն՝ կալցին և տացին ի ձեռս ս. պաշտօնէից…»։
  3. Կորիւն, Վարք Մաշտոցի, էջ 78, հատ. Ի։
  4. Ագաթանգեղոս, 1909, էջ 466։
  5. «Սրբոյ հօրն մերոյ երանելւոյն Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում Ճառք լուսաւորք», առաջաբանով, համեմատությամբ և ծանոթություններով Ա. Տեր-Միքելյանի, Վաղարշապատ, 1894—96։