Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին՝ տիեզերքի ծագման և նրանց բարոյական սկզբունքների վերաբերյալ։ Այդ աղբյուրները, որ չի հիշում նա, այժմ արդեն բավական պարզված են մի քանի բանասերներից[1]։ Այդ քաղվածքներով չի պակասում Եզնիկի աշխատության արժեքը, որովհետև նա իր մտածողությամբ և բանավարությամբ ինքնուրույն է։

Ընդդիմակների երկրորդ խմբի մեջ դնում է նա զրադաշտական կրոնի վարդապետներին. «Եւ Պարսից քէշին գտիչք առ ի տարակուսելոյ՝ թէ ուստի՛ չարիքն լինիցին, ընդ նոյն արահետս վրիպեալք ի ճշմարտութենէն՝ զնոյն բաջաղանս այլովք պատմութեամբք կարկատեցին, որպէս թէ ի միոջէ ի հօրէ երկու որդիք ծնան. մին բարի և բարեաց արարիչ, և մին չար և չարեաց գործօն»։ Ապա նա բերում է բավական տեղեկություններ այդ կրոնի հավատալիքներից և առասպելներից։ Պարսից կրոնը շատ հնումն ազդել էր հայկական դիցաբանական և ժողովրդական հավատալիքների վրա, բայց Եզնիկի օրով, ինչպես տեսանք, այդ քեշն ավելի քաղաքական ազդեցությամբ սպառնում էր քրիստոնեությանը Հայաստանում։ Հայ մտավորականները, որոնց համար է հորինված Եզնիկի Հակաճառությունը, դժվար թե ենթակա լինեին այդ կրոնի իդեոլոգիային և առասպելներին։ Եզնիկի դիրքը նրանց ձեռին իբրև մի պատրաստ զենք պիտի ծառայեր աջողությամբ մաքառելու ընդդեմ մոգական ոտնձգությունների և նրանց կրոնի դուալիզմի։

Եզնիկը պարսից կրոնի համար հավանորեն օգտվել է և՛ բերանացի ավանդություններից, և՛ մի գրավոր աղբյուրից, որ դեռ չի բացահայտված։ Ուստի նրա Հակաճառությունը մի թանկագին աղբյուր է Զրադաշտական կրոնի համար։

Ընդդիմակների ուսմոմւքի մեջ երրորդ տեղում դնում է նա քրիստոնեական աղանդները. «Ի նոյն խարափ անկեալ և աղանդռցն, զոր թշնամին իբրև զորոմն ի մէջ ցորենոյ սերմանեաց, զի կէսքն երիս արմատս դնէին՝ բարւոյ և արդարոյ և չարի. և այլք երկուս՝ բարւոյ և չարի. և ոմանք եւթն»։ Նա իսկապես մանրամասնորեն ժխտում է Մարկիոնի աղանդը, նրա հետ մեկ-մեկ դնելով և ուրիշներին, «Մարկիոնն և Մանի և Մծղնեայք» (էջ 199), «Մարկիոնի և Մանեայ և այլոցն նոյնպիսեաց» (էջ 202), «Մարկիոնի և Մանեայ» (էջ 203, այլև էջ 81, 82)։

Մարկիոնը (ծն. 140-ական թվականների սկիզբներին) իր աղանդով առանձին տեղ է բռնում գնոստիկականության մեջ։ Նա համարվել է քրիստոնեական եկեղեցու ամենանշանավոր և վտանգավոր հակառակորդներից մեկը, շատ եկեղեցական հայրեր գրել են նրա դեմ։ Նրա կազմած

  1. Այդպիսիներից են՝ Արիստիդես Աթենացին, Ջատագովութիւն, Մեթոդիոս Ողիմպիացին, Վասն անձնիշխանութեան, Եպիփան Կիպրացի, Ընդդէմ հերձուածոց։ Տե՛ս «Բազմավեպ», Վենետիկ, 1889, հոդված Հովհ. Թորոսյանի։ «Հանդես ամսօրյա», Վիեննա, 1901, էջ 102. գերմաներեն թարգմանության ներածաթյունը։ «Հանդես ամսօրյա», 1893, 1894, 1896, Գր. Գալեմքեարեան, Նորագոյն աղբերք Եզնկայ Կողբացւոյ։ Այլև առանձին գրքով։ Հ. Տաշեան, Մատենագրական մանր ուսումնասիրութիւնք, Վիեննա, 1895։