Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԻՆ ՊԱՏՄԱԳԻՐՆԵՐ
ԿՈՐՅՈԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ

1․ Հայ պատմագրությունը։- Հայոց հին գրականության կարևոր ճյուղերից մեկն է պատմագրությունը, որ սկսվում է գրականության առաջին շրջանում և շարունակվում մինչև 18-րդ դարի վերջը։ Պատմագիրների երկերն իրենց մեջ ունեն շատ պատմական նյութ և թանկագին աղբյուրներ են հայոց, և ոչ միայն հայոց, պատմության հետազոտության համար։ Դրանց ուսումնասիրությունը շատ կարևոր է նաև մեր գրականության պատմության տեսակետով։ Գրականության պատմական պրոցեսը կապված է պատմության հետ, լինի սա քաղաքական թե եկեղեցական. ուստի առանց պատմության պարզաբանման հնարավոր չէ գրականության զարգացման ընթացքը որոշել։ Պատմագիրների ուսումնասիրությունը հենց՝ մասամբ տալիս է մեզ հայոց պատմական կյանքի պատկերը, որքան հարկավոր է գրականության պատմոթյան համար։

Հայ պատմագրության ուսումնասիրոթյունը պահանջվում է նաև գրական տեսակետով․ նրա մեջ կան իսկական դրական երկեր, որոնք հորինված են գեղեցիկ ձևով, հարուստ են գեղարվեստական տարրերով, պատկերավոր արտահայտոթյուններով։ Կան այնպիսիները, որոնց մեջ թեև խառն են գրական և ոչ-գրական տարրերը, բայց կան ամբողջ հատվածներ, որոնք գրական արժեք ունեն։ Այսպես են մանավանդ այն կտորները, որոնք ծագում են կամ ազդված են ժողովրդական վիպական բանահյուսությունից կամ լի են հեղինակի քնարական զեղումներով, կամ որոնց հեղինակները ձգտում են գեղեցիկ հորինել, ճարտասանական ձևերով ու բանաստեղծական պատկերներով։ Եվ վերջապես՝ պետք է նկատի ունենալ այն ևս, որ հայ պատմագիրներից շատերը մեծ ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի կուլտուրայի և հենց հայ գրականության հետագա զարգացման համար․ ուստի կարելի չէ վերջինս լավ ըմբռնել առանց նախկին պատմագիրների ուսումնասիրության։

2. Կենսագրական տեղեկություններ Կորյունի մասին։- Հայ պատմագրության մեջ ժամանակով առաջին տեղը բռնում է Կորյունի «Վարք