Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու իր հայր Անդովկի կատարած դերը Շապուհի և Արշակի հարաբերությունների ժամանակ։

Ապա մի առանձին վեպ է, բազմաթիվ միջադեպերով, նաև Երեսնամյա պատերազմը, որի հետևանքը լինում է Արշակի, Վասակի և Փառանձեմի եղերական վախճանը և Հայաստանի ավերումը։ Հետո գալիս է վրեժխնդրության պատերազմը։

Հայոց թագավորության ժառանգը, Պապը, որ հույների մոտ պատանդ էր, Վասակի որդի Մուշեղի ջանքով գալիս է իր հոր երկրին թագավորելու հույների օգնությամբ։ Երկու հույն զորավար նրա հետ են՝ 600 բյուր, որ է վեց միլիոն զորքով։ Մուշեղ սպարապետն ևս ժողովում է Հայոց զորքը և ինքը մենակ սպանում պարսից երկու զորավարներին, իրենց զորքերով, և «մինչև ի բուն ի սահմանսն ի Գանձակ Ատրպատականի զերկիրն յիւր վտարեալ ունէր»։ Շապուհ թագավորն անձամբ գալիս է հայերի վրա և բանակ դնում Թավրիզում: Մուշեղն ընկնում է նրա բանակի վրա և կոտորում։ Շապուհը միաձի փախչում է, իր բանակն ու գանձերը և կանանց թողնելով Մուշեղի ձեռին, որ մեծ ազնվությամբ է վարվում գերված կանանց հետ։ Մուշեղին ամբաստանում են Հայոց թագավորի մոտ, թե արձակեց թշնամի թագավորի կանանց։ Պապի սրտի մեջ կասկած է ընկնում դեպի Մուշեղը։

Կրկին անգամ կռվի է գալիս Շապուհ արքան։ Այս անգամ Պապը չի ուզում, որ Մուշեղը կռիվ մտնի, ասելով. Բարեկամ է Մուշեղն թագաւորին Պարսից և այժմ էլ «ի պարսիկս խօսի»։ Նա կասկածում է Մուշեղի վրա, որովհետև կռվի նախընթաց գիշերը Մեհրուժանից, պարսից բանակից, պատգամավորներ էին եկել Մուշեղին։ Բայց միջնորդում է Ներսեսը, և Մուշեղը երդվելով՝ գնում է կռիվ, հաղթում պարսիկներին, միայն Աղվանից Ուռնայր թագավորին, թեպետև կարող էր նրան սպանել, չի սպանում, այլ արձակում է։ Դարձյալ ամբաստանում են Մուշեղին, թե նա թշնամի թագավորին արձակում է և թե Հայոց թագավորին սպանել է ուզում։ Մուշեղն արդարանում է: Նորից հարձակվում է Շապուհը, բայց Մուշեղը և հույները դարձյալ հաղթում են, և պատերազմը դադարում է։

Այնուհետև գալիս է ապստամբ իշխանների պատիժը, որոնք Արշակի ժամանակ պարսից կողմն էին անցել։ Ամենից առաջ պատժվում է, նույն իսկ կռիվների ընթացքում, Հայր Մարդպետը, որ Փառանձեմ թագուհուն անպատվել էր. տեղը նշանակվում է Գղակ անունով մեկը։ Սա Հայոց թագավորին դավաճանել է ուզում, բայց բռնվում, նույնպես պատժվում է։ Ապա կարգով պատժվում են և մյուս ապստամբները, որոնց թվում և Աղձնիքի բդեշխը, որ իշխանների մեջ ամենից առաջ ապստամբողն է եղել։ Եվ այսպես Մուշեղը փառավորված՝ վարում է իր սպարապետությունը։ Սակայն երկար չի տևում Մուշեղի փառքը։ Պապ թագավորը դավաճանությամբ սպանվում է հույներից. իշխանները ոչինչ չեն անում. թագավորում է Վարազդատը, որ «մանուկ բանսերթուկ» է։ Բատ Սահառունին, Վարազդատի դայակը, ամբաստանում է Մուշեղին նրա չգործած