Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոծի մասին շատ տեղեկություններ ունենք «Պարսից պատերազմ» վեպից, որ ընդարձակ չափերով անդրադարձրել է ֆեոդալական կյանքը 3-5-րդ դարերում։ Նույն կյանքի երևույթներից մեկն է եղել նաև մեռելների կոծն ու լալիքը, որ գալիս է շատ ավելի հին դարերից։ Մեր այդ հերոսական վեպի բովանդակությունից իմանում ենք, որ կոծեր են կատարել նշանավոր վիպական անձերի համար։ Այսպես՝ մեծ կոծ է լինում մարտի մեջ ընկած Վաչե զորավարի համար։ Ինքը Խոսրով թագավորը և բոլոր զորքը («ազատախումբ բանակ նախարարակոյտ զօրացն») «բազում անձկայրեաց տրտմութեամբ և արտասուակաթ ողբովք և ծանրաթախիծ հոգով, մեծաւ կոծովք և անհնարին աշխարանօք պաշարեալք, զգնացելոցն կարիս մնացելոցն համարեալ՝ սգային». «լինէր ամենայն աշխարհին սուգ անհնարին»։ Նույնպես՝ երբ մեռնում է «քաջարանցն, աշխարհաշէնն Խոսրով, թագաւորն Հայոց Մեծաց, ժողովեալ, աշխար եդեալ, լացին ամենայն սահմանք աշխարհաց գաւառաց Հայոց Մեծաց. և տարան առ իւր նախնիսն յԱնին յԵկեղեաց գաւառն Դարանաղեաց» (Բուզ., Գ. 11): Հասկանալի է, որ ամբողջ երկրով անցնող և օրեր տևող այսպիսի հուղարկավորությունների ժամանակ՝ բանահյուս ձայնարկուները պիտի երգեին ու վիպեին քաջարանց թագավորի կյանքից ոչ թե անպատրաստից, այլ առաջուց պատրաստված։ Տիրան թագավորի գերվելու վրեժն առնելուց հետո՝ ժողովվում են նախարարներն և իշխանները, «գործակալք և զօրագլուխք, պետք և ամենայն աշխարհաժողովք բազմութեանն եկելոց կուտելոցն», թեպետ և թագավորը չէր մեռած, բայց «Կոծ եդեալ աշխարանօք լային զիւրեանց բնակ(ան) տէրն զարքայն Հայոց» (Բուզ., Գ. 20)։ Այսպես կոծեր հիշվում են և ուրիշ հերոսների համար։

Որովհետև լաց ու կոծը երգով ու նվագով էին անում, հետևաբար կոծի համար երգեր են հորինվել և տարածվել։ Դրանք ժամանակի միակ պատմական հիշատակարաններն են եղել կամ, ճիշտ ասած, նույն դերն են կատարել, ինչ որ մեր ժամանակ լրագիրները կատարում են՝ լուր տալով եղած դեպքերի համար և մահաբան (նեկրոլոգ) գրելով նշանավոր անձերի մահվան առիթով։ Եվ ուրիշ կերպ էլ մտածել կարելի չէ մի ժողովրդի համար, որ գիր ու գրականությունից զուրկ էր։ Այդ ձայնարկուների երգը և նրա հետ կապված զրույցը եղել են վեպի սկզբնական աղբյուրները, վեպի տարերքը, որոնցից հետագայում օգտվել են վիպասաններն իրենց ստեղծագործության ժամանակ։

Թե ի՛նչպես էին պատահած դեպքերի անմիջական ազդեցության տակ կոծի միջոցին հորինվում և տարածվում այդ պատմական երգերը, այդ էլ իմանում ենք «Պարսից պատերազմ» վեպից։ Այստեղ մանրամասն նկարագրված է Գնելի կոծը և նրա մասին «լալեաց բանաստեղծութիւնը» (Բուզ., Դ. 15)։ Գնելը, Արշակ թագավորի եղբորորդին, ամուսնանում է Սյունիքի իշխանի դուստրի, գեղեցկուհի Փառանձեմի հետ։ Սրան սիրահարվում է թագավորի մյուս եղբորորդի Տիրիթն ևս։ Նա, որպեսզի Փառանձեմին ինքն առնի, քսությամբ գրգռում է Արշակին Գնելի դեմ, մինչև