Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղբյուր ավանդական երգերը. «Զորմէ ասէին ի հինսն մեր, որք փանդռամբն երգէին» (Ա. 24): Բացի այդ՝ նա Հայկազանց և Տիգրանի պատմության համար հիշում է մի ուրիշ աղբյուր՝ ասելով, թե պիտի պատմե «ի Հիւսման պատմութենէ Պիտոյից» (Ա. 19) - «Պիտոյից Հյուսման պատմությունից»: Գիրքն ուրեմն է «Հիւսումն Պիտոյից»: Նա դրա հեղինակի անունը չի տալիս. այլ քիչ հետո այսպես է բնորոշում նրան, ասելով, թե՝ «Զհիմունս այսպիսեաց բանից [Տիգրանի մասին պատմության] ընթեռնուլ արժանաւորեցաք ի չորս հագներգութիւնս, զարգասաւորին ի բանս և զիմաստնոյն իսկ և ի մէջ իմաստնոց իմաստնագունին» (Ա. 21): Այդ «արգասաւորն ի բանս» մեր Պատմագրի ժամանակ շատ հայտնի մի հեղինակ պիտի եղած լինի և հանրածանոթ, և ծանոթ նույնիսկ Սահակ Բագրատունուն, որ Պատմագիրը նրա անունը չի տալիս: «Հագներգություն» բառը, որ սովորաբար նշանակում է քերդված, վիպասանություն և քերդվածի մասերը, ցույց է տալիս, որ այդ գրվածքը եղել է մի «բանահյուսություն», որի համար իբրև նյութ ծառայած էր Տիգրանի պատմությունը: Այդ հավաստվում է հետևյալով: Միջնադարյան դպրոցներում «պիտոյք», հունական χρεία բառով կոչում էին այն ճարտասանական կամ բանահյուսական վարժությունը, որով մի իմաստալից ասացված ու խոսք, կամ որևէ անձի պատմություն ու արարք ընդարձակում, աճեցնում էին այս կամ այն եղանակով ու կանոններով ու կազմում էին մի ընդարձակ ճառ կամ «բան»: Այդ ճարտասանական վարժություններն իրենց կանոններով նույնիսկ մեր գրականության սկիզբներում աշխատել են մտցնել մեր մեջ թարգմանիչները: Հայտնի է Խորենացուն վերագրված «Պիտոյից գիրքը», որի մեջ բացի կանոնների բացատրություններից կան նաև օրինակներ «հրահանգիցն աղագաւ առ մանկունս»: Այդ գրքում[1] ի միջի այլոց գտնում ենք «Սահման ներբողինի», որի ետևում իբրև օրինակ դրված է «Ներբողեան Մոսեսի»: «Ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց… Ներբողելի է զդէմս (անձնավորություն) և զիրս և զժամանակս և զտեղիս… Զդէմս որպէս զԴեմոսթենէս, կամ զՊղատոն: Զիրս որպէս զարդարութիւն, կամ զողջախոհութիւն»… Այնուհետև բերված է եղած, այսինքն պատմական անձնավորություններ գովելու կանոնները, մասերի բաժանելով ներբողյանը:

Եթե փոքր ինչ ուշադրություն դարձնենք Խորենացու Հայկազանց թագավորների պատմությանը, կտեսնենք, որ Տիգրանի վրա գրված այսպիսի մի ներբողյանի բնավորություն ունի այդ ամբողջ պատմությունը մինչև Վահագն: Դրան համոզվելու համար՝ բավական է միայն, որ այդ պատմությունը բաղդատենք Պիտոյից գրքի ներբողյանի կանոնների հետ: Ահա այդ կանոններն իրենց կարգով ու բաղդատությունը.

1․ «Եւ ի գովելն պարտ և արժան է նախաշաւիղ առնել ըստ տեղւոյ պատճառին»: Այսինքն նախ նյութը, եթե որևէ անձ է, ուրեմն անձը

  1. «Մատենագրութիւնք Մովսեսի Խորենացւոյ», Վենետիկ, 1865, էջ 413: