Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակօք՝ նախանձելի, և զկնեացս ըղձալի ինքն և ժամանակ իւր»։ Ուրեմն դարձյալ ոչ մի գիծ պակաս չէ։

5. «Եւ ի վերայ այսոցիկ դնել զբաղդատութիւնն յարադրութեամբ ներբողեցելումն զմեծագոյնսն ընդունել»։ Այսինքն ուրիշ նշանավոր անձերի հետ բաղդատել գոված անձին և նրան ավելի մեծ համարել։ Այդ բաղդատությունն ևս գտնում ենք Խորենացու մեջ Տիգրանի պատմության վերջում (Ա. 31):

6. «Եւ ապա զ՚ի վերայ բանին ի կատարման ըստ պատճառի»։ Այսինքն՝ ինչպես ընդհանուր գովեստով սկսված էր, այդպես և ներբողելի անձի վրա արած գովեստն ամփոփել և վերջացնել։ Այսպես էլ անում է Խորենացին։ ԼԱ. գլուխը, որ Տիգրանի պատմության վերջաբանն է, սկսում է Տիգրանին գովելով և, ինչպես «Պիտոյից» կանոնները պահանջում են, վերջում բաղդատություն է անում շատ Տիգրանների մեջ և գտնում, որ «Մի՛ է և միայնակ սա ի Հայկազանցս»։

Տիգրանի պատմության մեջ պահված են «Պիտոյից գրքի» ներբողյանի ճարտասանական կանոնները, այն էլ մեծ մասամբ նույն կարգով, որ «Պիտոյից գիրքն» է պահանջում։ Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ մեր Պատմագիրը Ա. 19. գլխի մեջ պարզապես հայտնում է, թե Հայկազանց և Տիգրանի պատմությունը պիտի առնե «ի Հիւսման պատմութենէ Պիտոյից»։ Կնշանակե, եղել է մի Պիտոյից գիրք, որի մեջ հյուսված են եղել զանազան բանահյուսական կամ ճարտասանական օրինակներ, որոնց թվում և մի ընդարձակ ներբողյան հայոց թագավոր Տիգրանի մասին[1]:

Նկատենք և հետևյալը։ Թե Տիգրանի մասին երգեր եղել են «ի հինսն մեր», այդ պարզապես հայտնում է Խորենացին։ Արդ՝ մեր հին ժողովրդական երգերը Խորենացու ճաշակով «անոճ» ու «փծուն» են եղել։ Բացառություն չեն կազմել նույնիսկ «թուելեաց» կամ «վիպասանաց» երգերը, քանի որ մեր Պատմագիրն այս վերջիններն ևս ստիպված է եղել «ճշմարտելու», «ճշմարտություն» դարձնելու։ Դրանք բոլորն առասպել են։ Մեր ավանդական բանահյուսության բոլոր նյութերից՝ Տիգրանի մասին եղածներին առասպել կոչումը չի տալիս Խորենացին։ Այս բացառությունը հասկանալի է։ Ըստ Խորենացու՝ Տիգրանի մասին եղածներն առասպել չեն, որովհետև Տիգրանի մասին նա ձեռի տակ ունեցել է ավանդական երգերի, ըստ իրեն Խորենացու ճաշակի, գրական մշակություն կրածը, մի «զարդարեալ» և «ոճով և հանդերձ պատճառաւ շարադրած»

  1. Խորենացու Ա. խմբի ձեռագիրների մեջ փոխանակ «ի Հիւսման պատմութենէ Պիտոյից» գտնում ենք «ի Հիւսման պատմութենէ բանից», որ է՝ «ի պատմութենէ Հիւսման բանից»: Արդ՝ «Հիւսումն բանից» մի բառով է՛ «բանահիւսութիւն»– «բանաստեղծութիւն»։ Որ «հիւսումն պիտոյից» թարգմանված է «հյուսումն բանից» (= плетение слов, ինչպես ասվում է ռուսաց հին գրականության մեջ), կնշանակի՝ թարգմանողը գիտե Խորենացու գրածի բուն իմաստը, որ այնպես է թարգմանել, որ «ճարտասանական» աղբյուրը դարձած է մի «բանահյուսություն», «բանաստեղծական» աղբյուր: