հանձնում է աստուծու խնամքին, որ «ամպարշտությամբ լի ուրացյալը» չկարողանա որսալ նրանց «ի վիհս կորստեան»: Իսկ իր վերաբերմամբ աղոթելիս արդեն պարզ որոշում է անում այդ անարգված կինը. «պատրաստ եմ ես, — ասում է նա,—չարչարել և մեռանել… և ոչ հաւասարել կամաց ուրացողին և պիղծ անկողնակցին»:— Նրա վիճակը վճռված է արդեն. նա այլևս «պիղծ անկողնակցի» կինը չի ուզում լինել։ Դրանով կլուծվի իր անարգանքը։
Երեկոյան ժամերգությունը կատարում են. ամենքը սգակից են նրան, բայց չեն համարձակվում բան խոսել նրա հետ։ Նա դուրս է գալիս մտնում եկեղեցու մոտ մի փոքրիկ տնիկ և դարձյալ ամբողջ գիշերը լալով ողբալով աղոթում է անդադար, սրտի դառնությունից ոչինչ չի ճաշակում։ Մերձավորներից ոչ ոք չի համարձակվում մի բան խոսել նրա հետ։ Եպիսկոպոսն այն ժամանակ բացակա էր Բդեշխի տնից։ Տիկնոջ դռան երեցը միայն համարձակվում է մխիթարել նրան այս անասելի վտանգի համար և շատ խոսքերով քաջալերել և հուսադրել: Մերձավորները վերջապես ասում են, որ մի փոքր կերակուր և ըմպելի ընդունի նա։ Տիկինը լսում է նրանց և փոքր ինչ կերակուր և ըմպելի ընդունում, և ապա ամբողջ գիշեր դարձյալ անց է կացնում աղոթքով, սաղմոսերգությամբ և գիրք (=Ս. Գիրք) կարդալով «Եւ փոքր ինչ մրրկեալ սիրտն և տարակուսեալ և խռովեալ կազդուրէր յուսովն աստուծոյ»։ Առավոտյան ժամն ասում են, պրծնում։ Այդ ժամանակ դռան քահանան դարձյալ մոտենում է, տիկնոջն ասում.
—«Զի՞նչ եդիր ի մտի և զի՞նչ ունիս առնել, որ յարոլցեալ ի վերայ քո պատերազմ յուրացողէն, յաղագս միաւորութեանն իւրոյ վասն դըստերն, որ ըստ Պարսկաց օրինին հանդերձեալ էր առնուլ իւր ի կնութիւն…»— Ի՞նչ ես մտածում, ի՞նչ պիտի անես, ուրացողը քո դեմ պատերազմելու է, որպեսզի միավորվի իր դուստրի հետ, որին պատրաստվել էր կնության առնելու ըստ պարսկական օրենքին…
Այսպես՝ քահանան հիշեցնում է Շուշանիկին, ինչ որ ամենից սոսկալին էր, հայրը պատրաստվում էր կնության առնել իր հարազատ դուստրը, և ինչպես համառոտ վկայաբանության մեջ ասված է, այդ անառակը «վասն դստերն իւրոյ եմուտ ընդ զրադաշտական օրինօք մոգութեան»: Եվ տիկինը պատասխանում է քահանային.
— Այդ է հենց նեղություն ու վիշտ պատճառում ինձ, իմ որդիների և դուստրի հոգն ու ցավը, որովհետև գիտեմ իմ մարդու ամպարշտությունը, դրա համար էլ այսքան երկար սուգ եմ անում և արտասուք թափում։
Եվ սկսում է նա ողբալ.— «Ո՞վ կտա իմ գլխին ջուր և իմ աչքերին արտասուքի աղբյուրներ և օթևան անապատում, որպեսզի լայի ճշմարիտ աստուծուն ուրացող իմ ամպարիշտ ամուսնուս անբժշկելի վերքերի համար և իմ ծնունդների տարակուսանքի համար… Ո՞վ այսքան կորստի համբավը լսի և չողբա, ո՞ր լսելիքը կդիմանա այս կորստի լուրին, որ ոչ