Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թէպէտ և լսէի ի մարգարէից և յամենայն աստուածային գրոց, ի վարդապետաց եկեղեցւոյ, եթէ ոչ գոն այլ ներքոյաբնակք կենդանիք, սակայն ես հաւանեալ էի ընդդիմոտունս մեզ լինել։ Եւ ըստ իմոց խորհրդոցս զաստուածային բանսն ձևանալ համարէի։ Եւ այդ մի՛ զիս եպերէք, սիրելիք, գիտէ ծածկադէտն, զի ոչ ստեմ։ Մինչդեռ էի յաղօթս առ առաւօտուն ի վկայարանի սրբոյն Եւ զինեայ, և միտք իմ յա՛յս խորհուրդս ծփէին, քուն էառ զիս։ Եւ տեսանէի որպէս թէ արեգակն ի ծագելն խոնարհեալ յերկիր իջանէր։ Եւ ես յաոաջն ընթանայի և ի գիրկս ընդունէի զնա. և նա էր պատանի անմուրուս, ոսկէ գիսակ, և շրթունք բերանոյ նորա որպէս թէ ոսկով լինէր օծեալ, և ինքն սպիտակս և փայլունս զգեցեալ հանդերձս․ և լոյս սաստիկ ելանէր ի բերանոյն։ Եւ ես ասացի ցնա, եթէ՝ ի վաղնջուց ցանկացեալ էի ի քէն լսել բան, արդ՝ աղէ՛ պատմեա ինձ, եթէ յորժամ ի մէնջ ծածկիս ո՞ւմ տաս լոյս. գո՞ն այլ կենդանիք ի ներքոյ երկրի՝ եթէ ոչ։ Եւ նա ասէ՝ Ոչ, այլ լերանց և ափափայից ձորոց և անձաւաց անկենդանեաց տամ լոյս։ Եւ իմ պատմեալ զայս վարդապետին իմում․ և նա ասէ ցիս՝ Ընդէ՞ր ոչ հարցանէիր զայդ։ Եւ նա եցոյց ինձ զճառս երանելոյն Ամփիւլոքիոսի, որ մեկնէր զգիրս Յովբայ, և ի խօսսն տեառն որ ասէ այսպէս․ «Զի՞նչ վայրք իցեն ուր ծածկեմ ես զարգակն ի գիշերի յերեսաց ամենայն կենդանեաց»։ Արդ՝ պարտիմք հաւատալ մեծի վարդապետին և նորուն նմանեաց արանցն աստուածայնոց. և ոչ արտաքնոցն»։

Այս հատվածը մի գեղեցիկ օրինակ է Անանիայի մտածելու եղանակի, միաժամանակ և նրա գրական ոճի, թե ինչպես է նա շարադրում։ Միամիտ է, բայց այդ միամտությունն իր դարինն է, թե չէ՝ Անանիան երկար խորհող է նույն նյութի մասին, այնպես որ մինչև անգամ երազ է տեսնում։ Չպիտի մոռանալ, որ այն ժամանակ երկրագնդի մասին ծանոթությունը շատ նեղ ու սահմանափակ էր, մարդիկ Հնդկաստանի անունը լսել էին, սակավներն էին մուտք գործել այնտեղ, և Միջերկրական ծովից շատ դենը չէին համարձակվում անցնել։

2. Երկերը։— Անանիա Շիրակացուց՝ բացի վերևում հիշված ժամանակագրությունը՝ մնացել են մի շարք ուրիշ աշխատություններ ևս, որոնք որևէ առնչություն ունին համարողության, կամ տոմարագիտության և տիեզերագիտության հետ։ Նրա երկերը, սակայն, մինչև այժմ դեռ բոլորը չեն երևան հանված և կարգի բերված։ Դրանք հաճախ փոքր մասերով են մնացել և ոչ ամբողջական ձևով։ Պարզված չէ, թե արդյոք Շիրակացին ի՞նքն է այդպես մաս-մաս հորինել, թե՞ հետագայում քաղվածորեն արտագրություններ են արված։ Նրա երկերից այստեղ հիշենք արդեն տպագրվածները։

Ա) «Անանիայի Շիրակայնւոյ Համարողի ասացեալ ի յայտնութիւն տեառն ն փրկչին մերոյ»[1]։ Սա մի ասացված կամ ճառ է, որի մեջ հաշիվներով

  1. Անանիա Շիրակացի, Մնացորդք բանից, էջ 4