Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ գեղեցիկ զրույցը քերթողաբար մշակել է Սյունյաց եպիսկոպոս Պետրոսը: Ճիշտ է, բագիրը չունենք, բայց Օրբելյանի և Կաղանկատուացու քաղվածքներից բավարար հասկացություն ենք կազմում նրա արվեստի մասին: Երևում է, որ զրույցի պատմվածքի ընթացքը նույն ժողովրդականն է պահված, մշակումը կատարվել է գլխավորապես արտահայտության ձևերի նկատմամբ: Պատմվածքին տրված է քերթողական ճոխ ոճ, ինչպես կարելի է տեսնել բերված հատվածներից:

8. Զենոր Գլակ և Հովհան Մամիկոնյան:[1]- Այս երկու անուններով կա մի երկ՝ «Պատմութիւն Տարօնոյ»: Ըստ երևույթին դրանց տակ ծածկված է միևնույն անձը, որ իր գրած «Պատմության» հին մասը վերագրել է Զենոբ Գլակ անունով մեկին, իսկ վերջին մասը՝ մի Հովհան Մամիկոնյան եպիսկոպոսի: Այդպես վարվելու նպատակն եղել է իր հորինած «Պատմությունն» ընծայել իբրև ժամանակակիցների գործ, ուստի և վավերական ու հավաստի:

Ասորի Զենոբ Գլակ եպիսկոպոսին, ըստ այդ «Պատմության», Ս. Գրիգորը Կեսարիայից վերադառնալիս հետը բերել է Հայաստան: Տարոնում իր հաստատած Իննակնյան կամ ս. Կարապետի վանքում առաջնորդ և վանահայր կարգել: Նա Ս. Գրիգորի հրամանով գրել է «Տարոնի պատմությունը», որի սկզբում դրել է չորս թղթերի պատճեններ, ապա երկու թղթի մեջ հորինել Ս. Գրիգորի պատմությունը, սկզբից մինչև մեհյանների կործանումը Տարոնում, քրմերի պատերազմն ընդդեմ քրիստոնյաների, Տրդատի քաջագործությունները և այլն: Զենոբ Գլակի այս գործն առանին պատմական արժեք չունի. որովհետև՝ 8-րդ դարից ոչ վաղ զանազան աղբյուրներից քաղած սարքած մի պատմություն է: Աղբյուրների մեջ ավելի տեղ պիտի տալ ազգային եկեղեցական հետին ավանդություններին և, որ գլխավորն է՝ այդ աղբյուրների մեջ պիտի մտցնել նաև ժողովրդական ավանդությունները: Այսպիսի ավանդություններից ենք համարում Գիսանե և Դեմետր աստվածների մասին պատմածները և Տրդատի կռիվը Տարոնումը: Կարծում ենք, ժողովրդական ծագում ունի և քրմերի պատերազմը, որ անում են Գիսանեի և Դեմետրի ծառայողները՝ մասնակցությամբ Աշտիշատի քրմերի:

Ոչ մի հիմք չկա կարծելու, թե Զենոբի ամբողջ պատմությունը Դեմետրի և Գիսանեի մասին սարքած է «մշակելով» և «կերպարանափոխելով» Ագաթանգեղոսի պատմածը Աշտիշատի Վահեվահյան մեհյանի մասին[2] և իբր թե Զենոբը «նկարագրելով հռչակավոր Աշիտշատը», «դիտմամբ յանգէտ է ձևանում» Աշտիշատի ասվածների մասին և իբր թե հայտնի աստվածների փոխարեն Աշտիշատում դնում է Գիսանեի և Դեմետրի կուռքերը: - Զենոբն Աշիտշատի մեհյանների մասին երկրորդաբար հիշատակելով՝ խոսում է միայն Դեմետրի և Գիսանեի մեհյանի մասին, որ կործանելով Ս. Գրիգորը՝ տեղը եկեղեցի

  1. «Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ Գլակ Ասորի» («Զենոբայ Գլակայ Ասորւոյ եպիսկոպոսի Պատմութիւն Տարօնոյ», Վենետիկ, 1832)
    «Յովհաննու Մամիկոնենի եպիսկոպոսի Պատմութիւն Տարօնոյ», Վենետիկ, 1832
  2. Գր. Խալաթյանց, Զենոբ Գլակ, Վիեննա, 1893, էջ 55 և հան.։