Բայց խնդրէ զնշխարս Մուշեղայ իշխանին,
Եւ զքո հօրն՝ Վահանայ:
- էջ 43, 45
Եւ կամէին անցանել ի վանսն Գլակայ,
Զի հանցեն զոսկերս թշնամեացն:
- էջ 49
Նույնն անում են պարսիկները և «Պարսից պատերազմ» վեպի մեջ. նրանք քանդում են Արշակունի թագավորների գերեզմանները։
Զի ասէին ըստ իւրեանց… ըստ օրինացն,
Թէ վասն այսորիկ բարձեալ տանեմք
Զոսկերս թագաւորացն Հայոց յաշխարհն մեր,
Զի փառք թագաւորացն և բախտքն,
Եւ քաջութիւն աշխարհիս,
Յաշխարհն մեր եկեսցեն։
Բուզ., Դ. 24
«Պարսից պատերազմի» մեջ կրոնական կռիվը երևան է գալիս Արշակի անկումից հետո, առանձնապես Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու ձեռով, որոնք ավերում են եկեղեցիները և մարդկանց ստիպում են «ի պաշտօնն դառնալ Մազդեզանցն». նույնիսկ նախարարների կանանց սպանել են տալիս, երբ նրանք հանձն չեն առնում ուրանալ քրիստոնեությունը. ատրուշաններ են շինում շատ տեղերում։ Բայց հետո՝ «Մուշեղ զօրավարն Հայաստանեաց շրջէր ընդ երկիրն և աւերէր զատրուշանսն Մազդեզանցն։ Իսկ զՄազդեզունսն, որ մի անգամ ի բուռն արկին, զամենեսեան տայր հրաման սպարապետն Մուշեղ ունել և հրով խորովել»։ Այս միևնույն կրոնական կռիվը, ինչպես ասացինք, երևում է և «Տարոնի պատերազմ ի» մեջ։ Վահանը Միհրանի գլուխը կախելով երդից՝ ասում է տան մեջ գտնված պարսիկներին. «Այս այն գլուխն է, որ խորհէր զՍուրբ Կարապետն հիմն ի վեր առնել և զկրօնաւորսն հրով այրել» (էջ 26)։ Վախտանգ զորավարը «փոխէ զատրուշանն ի դուռն Կաթուղիկէին» (էջ 30)։ Պարսիկներն սպառնում են «զտեղիսն յորս նա (Մուշեղ) զհաւատս ունէր՝ կործանել»։
Ապա թէ ոչ, գամ ի տեղին,
Ասէ, ուր հաւատք ձեր են.
Զայն բրեմ և աւերեմ.
Եւ կրակատուն առնեմ զեկեղեցիս ձեր,
Եւ զձեզ ի դուռն արքունի խաղացուցանեմ։
- էջ 44