Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ կնքեալ զանձինս իւրեանց,
Դիմեցին ի վերայ Պարսիցն:
Եւ երեւեցաւ նոցա ի պատերազմին
Այր մի հաեղ և լուսաւոր,
Եւ հեր նորա լոյս փայլատակէր:

Հայերն այդ տեսնելով իմանում են, որ ս. Կարապետն է, ուրախանում են հարձակվելով թշանմիների վրա՝ ջարդում նրանց:

Այդ զրույցները, թեպետ կրոնական և կրոնավորներից հորինված, բայց ժողովրդականցած են: Ս. Կարապետն, ինչպես ուրիշ դեպքերում, այստեղ էլ փոխանակած է Հին Վահագնին, որ ամպրոպի, որոտ ու կայծակի աստվածն է: Մարիամ Արծրունու զրույցի մեջ ս. Կարապետը երևում է այդ կնոջն իբրև «այր մի գիսաւոր ընդ ամպս որոտացեալ»: Ժողովրդական է նաև կռվից առաջ ուխտ գնալը ս. Կարապետի վանքը, որ Մամիկոնյանների «Հայրենական տունն» է, նրանց վանքը, որ իրենք են շինել: Ժողովրդական է և այն, որ կրոնավորներին աղաչում են, որ աղոթք անեն, պատարագ անեն, որպեսզի նրանց աղոթքի զորությամբ կարողանան հաղթել թշնամիներին: Այս միջնույն մոտիվները գտնում ենք և նոր ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» մեջ: Դա միջնադարյան կրոնական աշխարհայեցողության արտահայտությունն է: Երբ ծերունի Սմբատը մենակ է մնում և թշնամիներից շրջապատված նեղն է ընկնում:

Ձայնարկեալ ի Ս. Կարապետն, ասէր.
«Ահա ժամ, ո՛վ Մկրտիչ Կարապետ…
Ո՞ւր են իմ սուրբ կրօնաւորացն աղօթքն»:

Նույն կրոնական ոգու արդյուն է և այն, որ Սմբատը ս. Կարապետի վանքում աղոթում է, և ապա

Ետ բերել երկոտասան թուր,
Եւ դնել առաջի բեմին,
Մինչև պատարագ մատուցանէին:
Եւ ապա առեալ ասէ. «Տէ՛ր, հաւատամք ի քեզ,
Թէ և այս սուրքս եղիցին խմոր այլ սոսերաց,
Եւ հրամանաւ քով յաղթեսցուք նոցա»:

Դա ֆեոդալական կյանքի մի գիծ է, որ միայն մեր մեջ չի կատարվել: «Պարսից պատերազմի» մեջ էլ Մոիշեղի համար ասվում է, թե նա «զիւր նշանն և զզէնն մատուցանէր առ Ներսէս, զի օրհնեսցէ»: