Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որ երկրորդ, այսինքն պատմվածքի իմաստով լինի, քանի որ այս երկրորդ իմաստով առնված ժամանակն է համանիշ «վիպասանություն» բառին, իսկ «երգք վիպասանաց», ինչպես տեսանք, Փավստոսի մեջ կոչվում են «երգք վիպասանութեան»։

Այսպես, հայոց Վիպասանքը (կամ Վիպասանությունը), ինչպես բառի կազմությունը ցույց է տալիս, և ինչպես Բ. գրքի 49 գլխի մեջ պարզապես վկայում է Խորենացին, պատմվել է։ Բայց քանի որ հաճախ հիշվում են և «Երգք վիպասանաց» (վիպասանության) և թե վիպասանները (վեպ ասողները) երգում են, ինչպես և վիպասանների համար «երգիչք» բառն է գործածվում, — ապա պարզ է և այն, որ Վիպասանքը (Վիպասանությունը) ոչ միայն պատմվել է, այլև մասամբ երգվել։ Այսպես և մեր արդի ժողովրդական վեպը մանրամասնորեն պատմվում է, բայց և տեղ–տեղ երգվում է։ Վեպը պատմելու և մեջե մեջ երգելու նույն ձևը եղել է ուրիշ ազգերի մեջ ևս։

6. Թուելիք, «Թուելեաց երգք»։— «Երգք վիպասանաց» Խորենացու մեջ մի տեղ (Ա. 30) կոչված են «թուելեացն երգք»։ Այս տերմինին զանազան մեկնություններ են տվել, որ կարևոր չենք համարում այստեղ հիշատակել։ «Թուելեաց» և «վիպասանաց երգերը» Խորենացու մեջ բերված բովանդակությամբ նույնանում են, որով և ապահովապես կարելի է ասել, որ նույն «վիպասանաց երգերը» մի ուրիշ կոչումն է միայն «թուելեաց երգեր»։ «Թուելիք» բառը (որի սեռականն է «թուելեաց») կազմված է ոչ թե «թուիլ» (երևալ) բայից, այլ «թուել» բայից, բայց վերջինս ոչ թե «համարել» (համբարել, համրել) իմաստով առած, այլ «ասել, պատմել» կամ «ի թիւ ասել», «Ի թիւ ասելը», դա «ի թիւ ուսած», այսինքն բերան արած՝ արտասանելն է, առանց որևէ եղանակի, սովորական կարդալու կամ պատմելու ձևով, որքան կարելի է, պարզ և մեկին։ Արդ՝ երբ «թիւ» արմատը և նրանից կազմված «թուել» նշանակում է «ասել», «պատմել», «թուելիք» բառն իր կազմությամբ կարող է կրկին նշանակություն ունենալ, նախ՝ «թուողներ», այսինքն «թիւ ասողներ», ասող-պատմողներ, ապա՝ «թուածը», այսինքն՝ թիվ ասածը, ասած-պատմածը, ինչ որ ասվում, պատմվում է, քանի որ նույն ածանցիկ մասնիկը թե՛ ներգործականի և թե կրավորականի իմաստ ունի։ Եվ այսպես, «թուելիք» բառն իր երկու իմաստով ևս համանիշ է «վիպասանք» բառին, որը, ինչպես տեսանք, նույնպես նշանակում է թե՛ պատմություն ասողներ, ասող-պատմողներ, և թե արած պատմությունը, պատմածը, ասած-պատմածը։ Միևնույն երգերի «վիպասանաց երգք» և «թուելեաց երգք» կոչումները, երկուսն էլ մտածության միևնույն եղանակով են կազմված, միայն տարբեր արմատներից, այսինքն՝ երկու կոչումն էլ վեպն ասելու եղանակից են առնված։ Այդ ցույց է տալիս, որ մեր Վիպասանքը «թիւ է ասվել»։ Մինչև մեր օրերն էլ, մեր նոր ժողովրդական վեպի, «Սասնա Ծռերի» պատմողները, «ի թիւ ուսած», այսինքն բերան արած, բարձրաձայն արտասանելով ասում, պատմում էին լոկ, միատեսակ ուժով, միայն մեջե մեջ երգելով։