Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և աշխարհականության միջև, ի բաց առած, հարկավ, ընդդեմ այլազգիների մաքառման քաղաքականությունը, որ ընդհանուր էր երկուսի համար ևս։ Հոգևոր երգն էլ, սակայն, վերջին հաշվով նույն մաքառման միջոցներից մեկն էր։ Նա ժողովրդի մեջ զորացնում էր քրիստոնեությունը՝ ոչ հավատացող այլազգիների հանդեպ։

Եկեղեցական բանաստեղծությունն ամենից առաջ օրհներգությոն է, որ ընդհանուր եկեղեցու մեջ ծնված և զարգացած է քրիստոնեական աստվածապաշտությանը հանդիսավորություն տալու համար։ Առաջին քրիստոնյաները եկեղեցում հրեական սովորությամբ աստուծուն փառաբանում էին երգելով սաղմոսներ և Ս․ Գրքի մի քանի օրհնությունները, որոնք հետագայում ևս մնում են ժամերգության մեջ։ Հասարակ ժամավորն աստվածապաշտությանը մասնակից էր լինում միայն կրկնելով Ս․ Գրքի երգերից բնորոշ բառեր ու խոսքեր, կամ ցնծությամբ ասելով «ալելուիա, ամէն, շնորհեա Տէր, Յիսուս Քրիստոս Տէր մեր, կեցո՛ Տէր, կեցո՛ և ողորմևա, Տէր ողորմեա, Քեզ Տեառնդ յանձն եղիցուք, Աստուծոյ յանձն, առաջի Քո Տէր» և այլն։ Ժողովրդի այս ձևի մասնակցությունը, ըստ 10-րդ դարի հեղինակ և նշանավոր եպիսկոպոս Խոսրով Անձևացու[1], երկար ժամանակ մնացել է Հայոց եկեղեցում։ Կրոնական եռանդը, սակայն, ընդմիշտ բավարարություն չէր կարող ստանալ միայն հին երգերով և բացականչություններով ուստի հորինվել են նոր երգեր, որոնք 4-րդ, հավանորեն և 5-րդ դարերում եղել են դեռ մեծ մասամբ փոքրիկ կտորներ և իբրև հավելված ասվել են սաղմոսներից կամ Ս. Գրքի օրհնություններից հետո։ Այս նոր երգերն իրենց նյութն առնում են Աստվածաշնչից, և սաղմոսների ու մարգարեական օրհնությունների քնարական տարրը որոշում է նրանց ոգին։ Դրանք հորինվում են նույնիսկ Ս. Գրքի բառերով։ Այդպես է եղել հոգևոր երգի ծագումն ու վիճակն ընդհանուր եկեղեցու մեջ այն ժամանակ, երբ լինում է հայոց գրերի գյուտը և հիմք է դրվում մեր գրականության։

Դժբախտաբար մեր հոգևոր երգերի հեղինակները մեծ մասամբ անհայտ են, մենք չգիտենք, թե մեր որ երգն ումնից և երբ է գրված։ Դրանք անանուն են։ Սակավաթիվ ծանոթություններն այդ մասին կամ 18-րդ դարից են գալիս, կամ երգերի ժողովածուների Շարակնոցների[2] մեջ դրված տեղեկոություներն են, որոնք նույն-

  1. «Մեկնութիւն ժամանակագրութեան, արարեալ երանելւոյն» Խոսրովու Անձևացեաց եպիսկոպոսի և կարգադրեալն Մովսէսի գիտնական վարդապետի», Ցորթագիւղ, 1840, էջ 6, 7, 12 և այլն․ «Զնոյն և ժողովուրդն ասեն՝ «Կեցո՛ Տեր»։ «Եւ ասեն ժողովուրդքն միաբան՝ ոչ թե՝ տո՜ւր․ այլ եթէ՝ շնորհեա տէր»։ «Ցայս ձայն ողորմագին պաղատանաց և ժողովուրդն զհայցուածան միաբանեն ասելով՝ առհասարակ Տէր ողորմեա՛»։ «Եւ երկիր պագանելով ամենեցուն, անդէն առ Պարգևատուն ասեն՝ Առաջի քո տէր»։ Եվ ապա ասեն ժողովուրդն՝ Տէր ողորմեա՛» և այլն։
  2. «Շարական հոգևոր երգոց»։ Էջմիածին, 1861, էջ Ա ― Դ։ Հեղինակների, ինչպես և առանձին երգերի մութ կտորների բացատրության մասին նաև՝ Գաբրիել Ավետիքյան, Բացատրութիւն շարականաց, Վենետիկ, 1814։