առնում է մի աստվածային հատկություն, ապա պատմում է Հիսուսի կյանքից մի արարք իրրև հետևանք նրա հիշված աստվածային հատկության: Այսպես, օրինակ, Ղազարոսի հարության կանոնի մեջ, որ ընծայվում է Սահակ Պարթևին, Քրիստոս ներկայանում է իրրև կենդանարար, աղբյուր կյանքի և անմահության, նրա դիմացն է մահ, գերեզման, և նա իր ամենազոր հրամանով սարսեցնում է դժոխքը և մեռելին հարություն տալիս։ Ամենասովորական ձևն է, սակայն, աստվածային և մարդկային հատկությունների հակադրությունը։ Առնենք դրա համար Ավագ շաբաթի թաղման կանոնը։ Սրա առաջին երգը, որը «իւր սարօք» ընծայում են շարակնոցները Սահակ Պարթևին, ինչպես երևում է, հորինված է տոնական հանդեսի, թափորի համար. դա սկզբից մինչև վերջը հյուսված է դիտավորյալ, որոշ նպատակով կազմված հակադրություններից։ Բանաստեղծն ամեն առաջին տողի մեջ դնում է աստվածային հատկությունները և ապա հաջորդ տողի մեջ ճարտարությամբ հիշեցնում է թաղման պատմությունից մի այնպիսի վայրկյան, որ առաջին տողերի մեջ հիշված աստվածային հատկության հետ մեծ հակադրություն է կազմում, որով և այս բանաստեղծությունը զարնում է լսողի ոչ այնքան զգայարաններին, որքան մտքին։ Այս ձևով, սակայն, կարողանում է երգիչն արտահայտել իր սքանչացումը և մի բավական վեհ ու վսեմ բանաստեղծություն հորինել.
Պարգևատուն ամենեցուն
Այսօր խնդրի պարգևս ի Պիղատոսէ.
Եւ արկողն զլոյս որպէս զօթոց՝
Հաւանի պատիլ ի Յովսէփայ։
Կենդանատուն ամենեցուն
Այսօր դնի ի նոր գերեզմանի
Եւ գանձն անմահութեան
Կնքի մատանեաւ քահանայից։
Էջ 74
Այս կանոնի ամբողջ շարքի մեջ նույնպիսի հակադրություններով, երբեմն նույնության հասնող կրկնություններով, շարունակ հեղհեղվում են նույն գաղափարներն ու նույն դեպքերը։ Այս կրկնությունները, որ ձանձրալի միատեսակություն են մտցնում ոչ միայն այս, այլև ուրիշ կանոնների մեջ, մեր այժմյան ճաշակով բանաստեղծության պակասությունն են կազմում, բայց մի ժամանակ դրանք համարվել են հոգևոր երգի արժանիքը։ Կրկնությունը, եթե ամբողջ կանոնի հորինողը մեկ բանաստեղծ է, առաջանում է մի գլխավոր պատճառից։ Ինչքան էլ բանաստեղծն ընդունակ լինի, ինչպես ասվեց վերևում, նա չի կարող ութ-ինը երգ գրել նույն նյութի մասին և ամեն անգամ նոր գաղափարներ ու նոր ձևեր ստեղծել։ Նա ստիպված է ճապաղել իր ասելիքը և մի երկար ու ձիգ կանոնի մեջ նույն միտքը նույն ձևով զարգացնել շարունակ։ Իսկ