Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յան այս նմանությունն անհաջող չէ, բայց դա ոչ թե բանաստեղծի մտքի ու երևակայության ծնունդն է, այլ լոկ նրբամիտ մեկնաբանի, կամ ճոռոմ ճառախոսի: Խաչի այդ սիմբոլիկ նշանակությունն իբրև զորության գավազան՝ ծագել է Մովսես Մարգարեի գավազանի մեկնությունից իբրև խաչի նշանակ: Այսպես ս. Խաչն է և «մորենին վառեալ, որ ոչ այրիւր»: Շարականների մեջ, սակայն, ոչ միայն Խաչը, այլև Աստվածածինը նույնպես կոչվում է «մորենի անկիզելի», և այս երկուսի համար ևս դա Մովսեսի մորենու նմանությունն է, որ ծագում է մեկնաբանից: «Օրհնեալ ես, փայտ սուրտ, որ վերագոյն մորենւոյն առ Կոյսն բնաւորեցար սքանչելեօք», գրում է Դավիթ Անհաղթը և ապա աշխատում է ապացուցել, որ խաչի մորենին «բարձրագոյն գոյ հրաշից»: Մովսեսի մորենու չվառվիլը թերևս այնքան զարմանալի չէ, որովհետև «դալարագոյն զօրութիւն թփոյն առ հուր աննիւթ տևականութեան՝ թերևս խորշի ի զամանց». մինչդեռ խաչի փայտը «յոյժ դիտարկեզ և ցամաք» լինելով հանդերձ՝ «պահեցաւ անկեզ», չնայլեվ որ նրա վրա էր աստվածային «Հուրը» (Քրիստոս) և նրանից «իբրև եռանդուտ յիմանայի քրայէ՝ արտաշիկագոյն առու հրախառն սուրբ արեանն հոսմամբ ի վերայ իջեալ»: Դավիթ Անհաղթը Մարգարեից մեջ մի տեղ հիշված Էմանուելի կառքը, որ և «քառադէմ կառք», այլև «բազմակն», մեկնաբանում է խաչի համար, և ահա բանաստեղծը երգում է.

Անապատումն կառ.
Անքննելի խորհրդոյն հընդունարան,
Ո՜վ սուրբ քառաթեւ.
Ի սաւառնաթեւից յարաթռելոց սրովբէից
Անտեսաբար ահիւ պատուեալ:

Այսպես և ս. Խաչը, թե՛ ըստ մենաբանին և թե՛ ըստ երգչին, մարգարեի տեսած յոթնաջահյան ոսկի աշտանակն է, Սաբեկա ծառը, Մովսեսի անապատում բարձրացրած օձը, սրբության սեղան, աթոռ տերունյան, արքայության բանալին, անապատի մեջ Իսրայելացոց առաջնորդող լուսո ամպը և այլն: Բերենք ս. Խաչի երգերից մեկի այս տունը՝ «Ո՛վ քառաթև լուսածին, գերապանծ նիշ, կառուցող կենացն ամենից, միշտ բազկատարած առ քեզ է՜ն»: Այս միևնույնը կա նաև Սահակ Ձորափորեցու ուսուցիչ Թեոդորոս Քոթենավորի ս. Խաչի ճառի մեջ:

Մի անգամ որ բանաստեղծն այսպես կաշկանդված է միջնադարյան սքոլաստիկական մեկնությամբ՝ նա այլևս չէր կարող ազատ մտածություն ու թռիչք ունենալ, նոր ինքնուրույն գաղափարներ դնել իր երգի մեջ. անհրաժեշտորեն պետք է զգացմունքի ջերմությանը փախանակեր ցամաք ու սառն դատողությունը: Նա իր նյութը մշակում է մեքենայաբար. չի