Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապում էին որևէ հրաշալի դեպքի կամ նշանավոր անձի հետ։ Հայ Արշակունիներն էլ իրենց անվանում էին «դիցախառն»։

2. Երվանդի վեպը։— Երվանդ իշխանը Սանատրուկի հանձնարարությամբ կատարած գործերով երևելի է դառնում և նախարարների մեջ առաջինը։ Իր խոնարհությամբ և առատաձեռնությամբ նա գրավում է ամենքին։ Սանատրուկն սպանվում է որսի ժամանակ․ շփոթության է ընկնում երկրի մեջ։ Նախարարները թագավորեցնում են Երվանդին։ Նա ժառանգը չէ ու գահ է բարձրանում ապօրինի կերպով։ Այստեղից ծագում է գործողությունը՝ վեպի ծագման ժամանակի տեսակետից՝ ժամանակակիցների համար հետաքրքիր մի թեմայով, իշխող հարստության—դինաստիայի համար մի կարևոր հարցով։ Պե՜տք է Երվանդը մնար թագավոր, թե չէ։— Ո՛չ, պատասխանում է վեպը։ Երվանդն իսկական ժառանգը չէ, ազնվականները պարտավոր են հավատարիմ մնալ բնիկ հարստությանը։ Եվ ահա՛ նախարարական տներից մեկը, թագադիր Բագրատունիները, չեն ընդունում Երվանդին։ Նրանց տոհմից ոչ ոք չի լինում թագադիր, ուստի և նրա թագավորությունն օրինավոր չի համարվում։ Դրությունը բարդանում է. սկսվում է պայքար երկու կողմի մեջ։

Այդ պատճառով հենց սկզբից Երվանդի բոլոր հոգսը լինում է ապահովել իր թագը։ Նա, այդ իր ծնունդով վիշապը, բնականաբար, Մարացոց տեր Արգամին, որ նույն է՝ վիշապ կամ վիշապազն Արգավանին, «որ ի ծննդոցն Աժդահակայ», դարձնում է «զգահն երկրորդական, զոր հանեալ էր ի նոցանէ (այսինքն Մարացոց տեր Մուրացաններից) Տիգրանայ»։ Նա թագավորելուն պես՝ հին թագավորների սովորությամբ, կասկածելով Սանատրուկի որդիներից, կոտորում է նրանց ամենքին։ Բայց ազատվում է մի երեխա Արտաշես անունով, որին փախցնում է իր ստնտուն։ Երվանդը հետապնդում է բռնելու այդ երեխային, բայց նրա դայակը, Սմբատ Բագրատունին, պահպանում է մանուկին և արկածալից թափառումներից հետո տանում է նրան Պարսկաստան։ Պարսից թագավորը սիրով ու պատվով ընդունում է նրանց, ինչպես հաճախ վարվել են հարևան իշխողներն իրենց շահի համար։ Արտաշեսը մեծանում է այնտեղ։

Երվանդն ամեն հնարքների դիմելով, շողոքորթության ու քաղցր խոսքի, ոչ մի կերպ չի կարողանում ոչ Սմբատին համոզել, որ իր կողմն անցնի, ոչ Պարսից թագավորին։ Պարգևներն ու խոստումները չեն օգնում։ Ուստի նա հոգեկան հանգստություն չունի, գիշերը քուն չունի, ցերեկը կասկածոտ ու մտահոգ է։ Վախենում է գաղտնի դավադրություններից։ Նախարարներին իր կողմը գրավելու համար՝ նա առատ պարգևներ է տալիս նրանց։ Ամեն տեսակ շինարարություnներ է անում։ Իր ապահովության համար՝ կռատունը հեռացնում է մայրաքաղաքից․ Բագարանում նոր կռատուն է շինում և իր եղբայր Երվազին քրմապետ կարգում։ Ապա շինում է Երվանդաշատը, արքունիքն էլ հեռացնում է Արմավիր մայրաքաղաքից․ նոր քաղաքի մեջ ամեն զգուշություն ձեռք է առնում իր կյանքի