դարձնում մի հանելուկ, որի բանալին պետք էր ունենալ հասկանալու համար»:- Մեր լեզվի մեջ ոճն այս աստիճանի մթության հասել է 11-րդ դարում Գրիգոր Մագիստրոսի մի քանի երկերի մեջ, բայց և Գր. Նարեկացու տաղերի մեջ ևս, ինչպես ասվեց, կան մի քանի մութ հատվածներ։ Թե արաբական լեզուն մեր քերթողների այս ոճի վրա ազդեցություն ունեցել է թե չէ և ինչպես, այդ խնդիրը դեռ պարզված չէ:
12. Ոտանավորը:- Հավանաբար արաբական բանաստեղծությունից անցել է հայերենին և հանգը, որի գործածությունը չկա մեր հոգևոր երգերի մեջ: Նարեկացու Ողբերգությունից իմանում ենք, որ 10-րդ դարում արդեն հանգի գործածությունը եղել է մեր աշխարհիկ բանաստեղծության մեջ: Եվ այս հասկանալի է. արաբական բանաստեղծությունն ավելի շուտ մեր աշխարհիկ երգերի վրա պիտի ազդեր, քան եկեղեցական երկերի: Լալյաց բանաստեղծություն հորինող ողբասացները,- «ըստ ձայնից կողկողանացն և զբանիցն յարմարութիւն հանդերձեն, ի նոյն գիր բերե, .ալ զաւարտմունս տանցն, որովք առաւել սաստիկ մորմոքեալ ճմլեցուցանեն զազէտս կարեացն սրտին ըղձից առ արտասուացն բղխմունս» (էջ 61, Բան ԻԶ): Եվ ապա ինքը բանաստեղծն այս ամբողը բանը հորինում է «Հայրենի չափով» և «ի» հանգով. ուրեմն, ինչպես արաբական կասիդայի մեջ, հանգը նույն է մի շարք երկատող տների մեջ:
Պարտուցն ժխտեալ տաղանդացն՝ / ճեպով մեծաւ ի տուժի
Ես ապիկար մատնեալ / անարժան գործովքս յիրաւի,
Վատնիչ արքունի գանձուց / կրկնադատ և անթափելի,
Պատասխանատու մեծին / ըմբռնեալ անհրաժարելի,
Բիւր քանքարոյ խնդիր՝ / ես չունիմ կշիռ մի ունկի:
Եվ այսպես մինչև ամբողջ «բանի» վերջը: Սույն «ի» հանգը, ինչպես և ուրիշ հանգեր, նա բանեցնում է Ողբերգության մեջ նաև՝ ուրիշ տեղերում: Հիշենք և նույն տողերի մեջ հանգեր կազմելը կամ տողամիջի հանգերը, ինչպես ՝ «Դու լոյս ես և լոյս, եւ ես խաւար և յիմար…»: Շարունակությունը բերված է վերևում, § 8:
Տաղերն անհանգ ոտանավոր են. հանգերն այստեղ պատահական են: Սակայն տաղերի, ինչպես երբեմն նաև Ողբերգության մեջ, նա աշխատում է տպավորություն առաջ բերել բաղաձայնների հանգիտությամբ. այս կողմից խիստ աչքի է ընկնում, օրինակ, Վարդավառի տաղը, որ բերված է ներքևում: Նարեկացու մի քանի տաղերի մեջ գտնում ենք «պատասխանի» կոչված ձևը, որ կա եբրայական բանաստեղծության մեջ և 5-րդ դարում արդեն գործածական է եղել ասորական եկեղեցական բանաստեղծության մեջ. այն է՝ հաջորդ տողը կամ տունը սկսվում է նախորդ տան կամ տողի վերջին բառով, կամ նրա մի մասով, կամ մի նման բառով, կամ թե տողի սկզբում դրվում է նախորդ տնից կամ տողից մի բառ կամ միտք. այսպես են, օրինակ, տաղերն «Ի յարութիւն Ղազա