Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործնական պետքի, ժամերգության համար։ Դրանք, բացի աղոթքներից ու սաղմոսներից, էին նաև որոշ թվով նոր երգեր, որոնք ընդունված էին ընդհանուր եկեղեցու մեջ։ Դրանց մի մասը հայերենի նշանագրերից առաջ էլ թերևս ասորերենից կամ հունարենից թարգմանված են եղել բերանացի, քանի որ ժամերգությունը բերանացի էր կատարվում։ Դրանց վրա աշխատել է Սահակը. «Երանելւոյն Սահակայ զեկեղեցական գրոց գումարութիւնն կանխաւ ի յունական բարբառոյն ի հայերէն դարձուցեալ, և բազում ևս զհայրապետաց սրբոց զճշմարիտ զիմաստութիւնն»— երանելի Սահակը,— գրում է Կորյունը,— առաջուց հունական լեզվից հայերեն էր դարձրել եկեղեցական գրքերի ամբողջությունը, և շատ էլ սուրբ հայրապետների ճշմարիտ իմաստությունը։ «Եկեղեցական գրքերը», դրանք, ինչպես ընդունում են, եկեղեցու ժամերգության և ծիսակատարությունների ժամանակ գործածված, գրքերն են — ժամագիրք, պատարագամատույց, տոնական, որոնց հիմնական մասերը հին են։ Իսկ «սուրբ հայրապետների ճշմարիտ իմաստություն» ասելով հասկանալի են աստվածաբանական-դավանաբանական գրվածքները։

Աստվածաշնչի և եկեղեցական գրքերի թարգմանություններն անհրաժեշտ էին։ Աստվածաշնչի վրա ուսում էին տալիս, իսկապես Աստվածաշունչ էին սովորեցնում։ Դա և՛ ընթերցանության, և՛ կրոնի գիրքն էր։

Թարգմանության գործով, ինչպես երևում է, պարապել է ավելի Սահակ կաթողիկոսը, որ մանկությունից լավ կրթություն էր ստացել հույների մեջ, քաջ հելլենագետ էր։ Նա էլ մի ժամանակ անձնատուր էր եղել ճգնավորական կյանքի, և բազմաթիվ աշակերտների հետ շրջում էր քարոզելու։ Կաթողիկոս դառնալով՝ բնականաբար նվիրվում է եկեղեցու գործերին։ Մաշտոցը շրջում էր գավառները, իսկ կաթողիկոսն իր պաշտոնի պատճառով մնում էր ավելի Վաղարշապատում, ուստի և ավելի հարմարության ուներ գրավոր աշխատանքով պարապելու։ Կորյունը պատմում է, թե երբ Մաշտոցը երկրորդ անգամ Վրաստանին այցելելուց հետո՝ վերադառնում է Վաղարշապատ՝ այն ժամանակ «երկու երանելիներն էլ ուշադրություն դարձրին իրենց ազգի դպրությունն ավելի հարգելու և դյուրացնելու», և անմիջապես ավելացնում է, թե «Մեծն Սահակը սկսեց թարգմանել ու գրել ըստ իր առաջվա սովորության»։ Ապա թարգմանության համար հարկ է լինում նույնիսկ հատուկ թարգմանիչներ ուղարկել ժամանակի եկեղեցական-գրական կենտրոնները։ Նրանք իրենց աշակերտներից երկուսին, Հովսեփին և Եզնիկին, որ Այրարատյան գավառի Կողբ գյուղից էր, ուղարկում են Եդեսիա, որպեսզի ասորական սուրբ հայրերի ավանդությունները հայերեն թարգմանեն։ Այդ գործը կատարելուց հետո՝ նրանք թարգմանություններն ուղարկում են Սահակին ու Մաշտոցին և իրենք գնում են Կոստանդնուպոլիս, «ուր և ուսանելով և հմտանալով՝ կարգվում են հելլենական լեզվից թարգմանիչներ»։ Ապա այնտեղ գնում են և Ղևոնդեսն ու Կորյունը։ Սա Մաշտոցի վարքագիրն է։

Այդ երիտասարդները Եդեսիայում ու Կոստանդնուպոլսում ծանոթանում