Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԻՄՈԶԱՅԻ ՇՅՈՒՂԸ
1.

Միմոզայի շյուղ մ’էր բերեր
Երեկ գիշեր,
Ու բարձիս վրա դըրեր էր զայն
Գողտուկ, անձայն…

2.

Ուշ գիշերին երազ տեսա…
Լեռան մը վըրա,
Ծառի մը տակ միմոզայի
Լուս կուլայի…

Պզտիկ աստղ մը, տակավ-տակավ,
Վըրաս իջավ…
Բռընկեցա՜վ ծառը մեկեն
Իր ճյուղերեն…

Ես չփախա․— Օձապըտույտ
Բոցն էր կապո՜ւյտ․․․
Ու կ’երգեին երկինքներեն
Աստղերն ամեն…

Օ, հըրդե՜հն այդ միսերուս քով…
Ի՜նչ հեշտանքով
Փունջերն այրող միմոզայի
Կը գրկեի…

3.

Կը գրկեի… երբ որ հանկարծ
Այդ բոցարծարծ
Ծառը խընդաց…― Ի՜նչ հրաշք, Տե՛ր,
Իմ Սիրա՜ծս էր…