Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա

Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան[1] հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Սնդուկներն և անկողինն, որ քուրջի մը մեջ ներփակված էին, նավակեն հանելուն պես ճամփորդն քաշեց քսակն ու նավավարին իրավունքը վճարելով՝ բեռնակիր մը կանչեց։ Հինգ բեռնակիրներ ներկայացան իրեն։ Տարակույս չկա,

  1. Հակոբ Վարդովյանը 70—80֊ական թվականների անվանի գործիչ էր, դերասան, թատրոնական խմբերի կազմակերպիչ։